ՀՀ զինված ուժերն առաջիկայում կարող են գործադրվել` պլանավորված պարտության և Սյունիքի միջանցքն իրականություն դարձնելու համար. 2

Սկիզբը` այստեղ 

Եթե քամի կամ դատարկ սպառնալիք չէ Հայաստանի կողմից իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը գործի դնելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ասածը, այսինքն` այն առաջիկայում խոսքից վերածվելու է գործի, ապա մոտ ապագայում պետք է սպասել նոր պատերազմի` պլանավորված պարտության և Սյունիքի միջանցքն իրականություն դարձնելու համար:

Բնականաբար, կարող է հարց առաջանալ` հնարավո՞ր է, որ ռազմաքաղաքական ողջ գործիքակազմի քաղաքական բաղադրիչի կիրառումն արդյունք տա ու բանը չհասնի ռազմական բաղադրիչի կիրառմանը ու նոր պատերազմին: Ո՛չ, և ահա թե ինչու…

Եթե նպատակը ռազմական բաղադրիչի կիրառմամբ սկսվելիք պատերազմում պլանավորված պարտությամբ Ադրբեջանին հնարավորություն ընձեռելն է, որ Երասխի մոտ առաջխաղացում ունենա, որոշ չափով մտնի ՀՀ տարածք, իր վերահսկողության տակ վերցնի հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության ավտոճանապարհը, այնուհետև ետ քաշվելու և այն մեզ հանձնելու դիմաց պահանջի ու ստանա Սյունիքի միջանցքը, ապա հասկանալի է, որ Հայաստանի ունեցած քաղաքական ողջ գործիքակազմը չի կիրառվելու: Փոխարենը` դրա կիրառման իմիտացիա է արվելու և հասարակության մոտ ստեղծվելու է այն թվացյալ պատկերը, թե ՀՀ-ն իր ունեցած քաղաքական բոլոր հնարավորություններն օգտագործեց, բայց բան չստացվեց:

Ի դեպ, որևէ մեկին հայտնի կամ հասկանալի՞ է, թե Հայաստանը Սյունիքում, Գեղարքունիկում կատարվածի, այնտեղ առկա իրավիճակի, այժմ էլ Արարատի մարզում, Երասխի սահմանային հատվածում կատարվողի առնչությամբ մինչև հիմա ինչո՞ւ չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչի՞ն է սպասում և ինչո՞ւ…

Ինչպես արդեն նշել ենք, Արմեն Գրիգորյանը հրավիրել և հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ գործողություններին զուգահեռ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ տարածքային և պատմական կեղծ պահանջներով, որոնք հստակորեն մատնանշում են Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։

Շեշտվել է, որ Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառումը, զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն Ադրբեջանին քաջալերել են ուժի կիրառումը դարձնել քաղաքականության մշտական գործիք, ինչը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ։ Այսօր ՀՀ զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները։ Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը` համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով»։

Նկատենք, որ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարողի խոսքի այս վերջին նախադասությունը նշանակում է, որ Հայաստանը եթե ոչ Սյունիքում կամ Գեղարքունիկում կատարվածի և այնտեղ այժմ առկա իրավիճակի, ապա Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ  այսուհետ ուժի կիրառման դեպքում դիմելու է նաև ՀԱՊԿ-ին` ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով: Այլ խնդիր է, թե իսկապես կդիմի՞, և եթե դիմի, ժամանակի՞ն կդիմի, թե ուշացումով…

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։ Առանձնահատուկ շեշտվել է, որ առանց ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսման և, ի վերջո, հակամարտության հանգուցալուծման, տարածաշրջանը մշտապես բախվելու է անվտանգության խաթարման նոր փորձերի։

«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում».- նշել է Արմեն Գրիգորյանը։

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն էլ, իր հերթին, այսօր կառավարության նիստում հայտարարել է. «Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար… Միաժամանակ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել հնոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով»:

Ուշագրավը ու միաժամանակ անհանգստացնողն այն է, որ Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տրամագծորեն հակասում են Կրեմլի հայտարարություններին: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ` Գրիգորյանի հուլիսի 20-ի վերոնշյալ հայտարարություններից հետո և Փաշինյանի այսօրվա հայտարարություններից առաջ, լրագրողներին ասել է , որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չի ընթանում:

«Ընդհանուր առմամբ, աշխատանքներն այս ուղղությամբ ընթանում են ոչ վատ,- РИА Новости» -ի փոխանցմամբ ասել է Պեսկովը:- Դուք գիտեք, որ եռակողմ պայմանավորվածություններն իրենք կնքվել են նախագահ Պուտինի շատ ակտիվ մասնակցությամբ և դրանք իրագործվում են նախագահ Պուտինի դարձյալ շատ ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական ​​կապի մեջ է և վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի. և նախագահ Ալիևի հետ: Հիմա զբաղվում ենք հենց իրականացման հարցերով և կյանքի կոչելով պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել»:

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլի և Պեսկովի երեկվա վերոնշյալ հայտարարություններից առաջ, հենց այն օրը, երբ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարողը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ասում էր, որ «Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ… Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը…», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, РИА Новости»-ի փոխանցմամբ, շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ԼՂ հարցով «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»:

 

«Իհարկե, կարևորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը,- աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ալիևին ասել է Պուտինը:- Գիտեմ, որ դրան մեծ ուշադրություն եք հատկացնում և կարևորություն  տալիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են: Սակայն եթե մենք ցանկանում ենք, իսկ մենք բոլորս ցանկանում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ օրս մեզ հաջողվել է դա անել»:

Կողմերի հայտարարությունների միջև ճչացող անհամապատասխանություններն ուղղակի ակնհայտ են, և մնացյալի թվում նաև սրա վրա է, որ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել:

 

Արթուր Հովհաննիսյան