Փախստականներ` սեփական գյուղում. Radio France Internationale-ի անդրադարձը պատերազմի հետևանքով 2 մասի բաժանված հայկական Շուռնուխին (լուսանկարներ)

Radio France Internationale-ն ծավալուն անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը` մասնավորապես պատմելով հայկական Շուռնուխի մասին, որը պատերազմի հետևանքով երկու մասի է բաժանվել: RFI-ի հատուկ թղթակիցը պատմել է` ինչպես են տեղացիները, գտնվելով սահմանագծման սպասման մեջ, սեփական գյուղում փախստական դարձել:

«Ապագա այլևս չկա», – մտածեց 34-ամյա Վարդիշաղը, երբ սկսվեց նոր 2021 թվականը: Սուրբ Ծնունդին երեք օր էր մնացել, և այդ երեք օրվա ընթացքում, ադրբեջանցիների պահանջով, 12 շուռնուխցի ընտանիք ստիպված էին լքել իրենց տները: Հունվարի 5-ին, երբ յուրաքանչյուր հայկական օջախում աստվածային լույս է մտնում, 12 տուն դատարկվեց` ընկնելով խավարի քողի տակ: Պատերազմի արդյունքում, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրմամբ` Մոսկվայի միջնորդությամբ, գյուղը բաժանվեց երկու մասի: Սահմանն անցկացվեց մինչև Հայաստանի հարավ տանող մայրուղով:

Գյուղի ներքևի հատվածն Ադրբեջանը համարում է իր տարածքը: Այժմ այնտեղ ադրբեջանական լեզվով  ցուցանակ կա. «Կուբաթլի շրջան, գյուղ Շուռնուխ. Ադրբեջանի Հանրապետություն»: Գրեթե տաս մետր հեռավորության վրա գտնվում են երեք պետությունների զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը, նրանց միջև՝  ռուս խաղաղապահներ:

Արդեն վեց ամիս է, ինչ Վարդիշաղ Մովսեսյանը, ամուսնու և երեք երեխաների հետ, տեղափոխվել է Շուռնուխի վերին հատված: Զինվորական ծառայության մեկնած հարևանը նրանց տրամադրել է իր բնակարանը: Այժմ ընտանիքն իր տանը, որը գտնվում է այստեղից 20 մետր հեռավորության վրա, նայում է ուրիշի տան պատուհանից, իսկ ճանապարհի մյուս կողմում արդեն ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Շուռնուխի բնակիչները հույս ունեն, որ սահմանազատման ընթացքում զինվորականները տեղափոխվեն մի կողմ, և այստեղ չեզոք գոտի կստեղծվի:

«Միայն թե նրանց այստեղ չտեսնենք, – ասում է Վարդիշաղ,-Երբ ես խոսում եմ տան մասին, ես նկատի ունեմ ոչ թե շենքը, այլ հողը, մեր հայրենի Շուռնուխի կեսը: Սրտի կեսը չկա: Հիմա ամառ է, սաղարթի հետևում այնքան էլ տեսանելի չէ, իսկ ձմռանը մերկ ծառերի ետևում սարսափելի էր դիտել, թե ինչպես են զինվորները քայլում մեր պարտեզում: Ես այնտեղ հուշեր ու երազներ եմ թողել … »:

Վարդիշաղ Մովսեսյանը հայոց լեզու և գրականություն է դասավանդում տեղի դպրոցում, որտեղ սովորում է ընդամենը 20 աշակերտ: Նրանցից չորսը փախստականներ են Լեռնային Ղարաբաղից: Նրա ութամյա որդին նույնպես այստեղ է սովորում: Վահեի դասարանում կա երեք աշակերտ:

«Ես իսկապես կարոտում եմ իմ տունը: Ես այնտեղ եմ թողել իմ գնդակը, պատերին մնացել են մեր լուսանկարները», – ասում է տղան:

Վարդիշաղի խոսքով` հնարավոր է այնտեղ գնալ, եթե խնդրեն հայ սահմանապահներին, որոնք իրենց հերթին՝ ռուսներին, իսկ ռուսները՝ ադրբեջանցիներին:

«Բայց մենք չենք դիմել: Մենք ոչինչ չենք խնդրելու: Թող մեր երեխաների խաղալիքներն ու պարտեզի պտուղներն այնտեղ մնան: Իսկ մենք ավելի լավ է արժանապատվորեն կրթենք մեր երեխաներին, ուժեղանանք և հետ վերցնենք մեր հողերը: Լիահույս ենք: Միշտ էլ այդպես է, դատարկությունից հետո հոգին նորից հույսով է լցվում», – ասում է Վարդիշաղը:

Փախստականներ` սեփական գյուղում. այսպես են հիմա իրենց կոչում շուռնուխցիները, որոնք ճանապարհի այն կողմում մի ամբողջ կյանք են թողել: Նրանք պատրաստ են անվերջ պատմել այդ մասին, հատկապես հյուրերին, որոնց այստեղ հազվադեպ են լինում:

«Մարդիկ վախենում են հիմա այստեղ գալ», – ասում է 60-ամյա հովիվ Սասուն Ալումյանը, որը պատերազմի պատճառով կորցրել է տունը, մեղվափեթակները և հոտը: Նա ցավով է հիշում  ցրտահարված և սատկած ոչխարներին, կորցրած մեղվաբուծական փեթակները, առանց արոտավայրեր մնացած կովերին, այնտեղ միայնակ ծաղկող վարդերը, ութ թոռներին, որոնք խաղում էին պարտեզում, իսկ հիմա վախենում են պապի մոտ գալ:

«Եվ հետո էլ ո՞ւր գան»,-ասում է Սասունը` ձեռքով ցույց տալով ժանգոտած երկաթյա տնակը, որում կնոջ հետ բնակություն է հաստատել տարեսկզբից:

«Ես այն ապառիկ եմ գնել: Ձմռանն այստեղ չափազանց ցուրտ է, իսկ ամռանն ասես վառարանի մեջ լինես», – ասում է հովիվը:

Գյուղապետ Հակոբ Արշակյանն առաջնահերթ խնդիր է համարում Շուռնուխի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովումը: Գյուղում ճանապարհներ չկան, մինչ այժմ կա միայն հողային ճանապարհ: Իշխանությունները խոստանում են ասֆալտապատել այն:

«Համայնքն ունի կովանոցների համալիր, որը նախատեսվում է վերականգնել և բնակիչներին տրամադրել արոտավայրերի կարիք չունեցող անասուններ», – խոստանում է Հակոբ Արշակյանը:

Այստեղ ոչ ոք չի խոսում իրենց տները վերադառնալու մասին, բայց ինչ կլինի ապագայում, շուռնուխցիները նույնպես գաղափար չունեն:

«Մեզ համար ողբերգություն է, երբ ծնողները մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ: Մենք պետք է արագ լուծենք սահմանամերձ գյուղերի խնդիրը, քանի որ հակառակ դեպքում դրանք կդատարկվեն», – ասել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

Նա պարբերաբար այցելում է համայնքի բնակավայրեր և ափսոսում, որ իր սեփական մարզում ստիպված է տեղաշարժվել անձնագրով, իսկ տարածքին անծանոթ մարդիկ նույնիսկ վախենում են գալ:

«Վերջերս կահույք պատվիրեցինք մանկապարտեզի համար: Երևանից տղաները հրաժարվեցին անցնել այս ճանապարհով, որտեղ նշված չէ սահմանը: Գորիսից գնացինք նրանց ուղեկցելու: Այսինքն՝  Հայաստանի քաղաքացին, գալով այստեղ, չգիտի՝ նա մեր տարածքում է, թե թշնամու կողմում», – նշել է Իրինա Յոլյանը:

Շուռնուխում բնակվող 40 ընտանիքներ արդեն ընտելացել են նոր իրականությանը: Գյուղի վերին հատվածում բարերարները նոր տներ են կառուցում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ու փախստականների համար: Համայնքի կողմից վերականգնվում է Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո վնասված մեկ այլ շենք: