Հայկական կողմը իր հենց ձեռքերով Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ տարածքների զավթումը վերափոխեց «վիճելի տարածքների» շուրջ վեճի

Սխալ է դիտարկել սահմանային լարվածությունը՝ ավելի ճիշտ թուրք ադրբեջանական ուժերի ռազմական սադրանքները, միայն մեկ կամ երկու պատճառահետևանքային երանգների ներքո։

Թուրքերի տարածաշրջանային «հավաքականը» լոկ տակտիկական կամ տարածաշրջանային առավելություն ստանալուց զատ, փաստացի գեներացնում է մի գործընթաց, որի մասին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո ես անմիջապես ահազանգել եմ, բայց ապարդյուն։

Հայկական կողմի կոշտ, ռազմական արձագանքի բացակայությունը, ըստ էության, հանգեցնում է մի իրավիճակի, որը էականորեն վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ի վերջո Հայաստանի սուբյեկտականությունը հավասարեցնում է զրոյի ։

Տեսեք, երբ այս իշխանությունը հրաժարվեց ագրեսորին դուրս շպրտել ՀՀ ինքնիշխան տարածքից   և դրա փոխարեն  առաջարկեց հարցի լուծման վատագույն տարբերակը (խոսքը հայ և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշվելն է ՀՀ պետական սահմանի որոշ հատվածներից), դրանով Հայաստանը՝ ավելի ճիշտ այս իշխանությունը, կամա թե ակամա, տեղափոխեց Հայաստանի սահմանների անձեռնամխելիությունը «վիճելի տարածքների» տիրույթ։

Ավելի պարզ ասած՝ հայկական կողմը իր հենց ձեռքերով Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ տարածքների զավթումը  վերափոխեց «վիճելի տարածքների» շուրջ վեճի։

Հասկանալի է, որ այս պատրվակը օգտագործելով փաշինյանական  իշխանությունները շուտով առաջ են քաշելու «դելիմիտացիայի և դեմարկացիայի» կործանարար գաղափարը, սակայն այս պահին  միջազգային քաղաքական  ասպարեզում ամրապնդվում է ոչ թե ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի թեզը, այլ՝ «վիճելի տարածքներ» եզրույթը։

Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ ծանրագույն հետևանքներ ենք մենք ունենալու։ Չնայած կրկնեմ՝ մինչև թուրքը յաթաղանով չմտնի «հպարտ քաղաքացիների» ննջասենյակ, մարդիկ չեն հասկանա, թե ինչ ահավոր իրավիճակ է երկրում։

Այդ իսկ պատճառով կրկնեմ՝

Ապագա Կա՛…վայելե՛ք։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից