Արցախյան պատերազմում Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին ներգրավելու հարցը՝ քննարկման առարկա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 21-ին անցկացրել է հանձնաժողովի լսումներ «Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը» թեմայով։ Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»։

Լսումներին որպես պատասխանող կողմ հանդես է եկել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, իսկ քննարկումը նախագահել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը: Վերջինս լսումների ընթացքում հարց է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում Թուրքիայի ներգրավվածության, մասնավորապես սիրիացի զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխման շուրջ:

«Թույլ տվեք մեկ հարց ևս ուղղել: Արդյո՞ք տեղյակ եք, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ»,- հարց է ուղղել սենատոր Մենենդեսը:

Ի պատասխան, քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդն առաջարկել է այս հարցը դարձնել առանձին քննարկման առարկա:

«Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ»,- պատասխանել է Նուլանդը:

Սենատոր Մենենդեսը դրական է արձագանքել՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ սպասում է պետքարտուղարության արձագանքին պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին:

«Շատ լավ: Որպես դրա մի մաս, ես նաև անհամբեր սպասում եմ պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրել եք Ադրբեջանի կողմից պատերազմում օգտագործած թուրքական անօդաչու թռչող սարքերի գործածման հարցը: Այն ներառում էր ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի»,- արձագանքել է Մենենդեսը: