Կիպրոսը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Թուրքիայի համաձայնության. Էրդողան

Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է, քանի դեռ Թուրքիան համաձայնություն չի տվել դրան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Եթե նայենք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա մինչ մենք դրական պատասխան չտանք, Հարավային Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է ցանկացած պարագայում: Թուրքիան այժմ ունի այլ կառավարություն, քան այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն ընդունում էր Հունաստանին: Հիմա մենք կանք: Նրանք ի վիճակի չեն լինի շրջանցել (վետոն) Թուրքիային»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն կատարած այցի ավարտին:

1974 թվականից Կիպրոսը փաստացի բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև: 1983 թվականին կղզու հյուսիսում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը չի ճանաչվել համաշխարհային հանրության կողմից: