ԵՊՀ-ում մեկնարկում է «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագիր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների գծով «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին։

Մինչև օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնն ընդունում է դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականացվում է Արիզոնայի համալսարանի հետ համագործակցությամբ և ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։

Դասերը կմեկնարկեն 2021 թ․ սեպտեմբերից, լավագույն ուսանողների համար հնարավոր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։ ԵՊՀ-ն մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։

Բացի դրանից՝ ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ԵՊՀ դասախոսական կազմից 6 հոգի հնարավորություն կունենա 2021-22 ուստարվա ընթացքում վերապատրաստում անցնել Արիզոնայի համալսարանում՝ իրականացնելով հետազոտական աշխատանքներ և մասնակցելով ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների ծրագրի առարկայական պլանների մշակմանն ու հետագա կատարելագործմանը։

«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների ու ամուր գործընկերության վրա։ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է աջակցել այս գործընկերությանը և կշարունակի ներդրումներ կատարել կրթության ոլորտում, որպեսզի ամերիկյան հետազոտությունների ասպարեզում մասնագիտանալ ցանկացողներն ունենան նման հնարավորություն, ապա իրենց ներդրումն ունենան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ ըմբռնման, համագործակցության ու բարեկամության ամրապնդման գործում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։