Ադրբեջանցիները ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Շուռնուխում. Հակոբ Արշակյան

Ադրբեջանցի զինվորականներն ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ հիմա նրանք են գտնվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Իրենց վերահսկողության տակ մնացած հատվածում «բոքսեր» են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա «պոստ» են տեղադրում», – ասաց Արշակյանը:

Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունենում, և Ադրբեջանն ինչ–որ բանի է պատրաստվում։

«Փոքր երեխան էլ հասկանում է, որ ինչ-որ բանի են նախապատրաստվում», – ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում (7-8 մեքենա) Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։