Մենք պետք է գնանք փոխզիջումներ գտնելու ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ շեշտելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»:

«Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ դուք, բնականաբար, շատ մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս այդ հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք կարգավորում, – իսկ մենք բոլորս էլ ուզում ենք դա, – ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ», – ասել է Ռուսաստանի նախագահը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախապես հայտնել էր, որ Ալիևի «այցը աշխատանքային է՝ դիրքորոշումները հստակեցնելու համար, փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ շեշտը դնելով առևտրա-ներդրումային և հումանիտար համագործակցության վրա: Նախատեսված է նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանի արդիական խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:

«Հիմնական ուշադրությունը կհատկացվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: