Քարահունջի վարչական ղեկավարն ազատ է արձակվել

Քարահունջ գյուղում ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ազատ է արձակվել. 1lurer.am-ին  տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։

Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- տեղեկացրեց Գոռ Աբրահամյանը։