Ավելի քան 11 հազար դիմորդներից առայժմ ուսանող է դարձել 8083-ը

Ավելի քան 11 հազար դիմորդներից առայժմ ուսանող է դարձել 8083-ը։

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ամփոփել է 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները։ Նրա խոսքով՝ այս տարվա քննությունները տարբերվել են թե՛ 2019, թե՛ 2020 թվականների քննություններից:

«2019 թ.-ի քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020 թ․-ին դիմորդները հանձնել են ընդունելության մեկ քննություն, իսկ 2021 թ․-ին՝ առավելագույնը երկու քննություն: Սա նշում եմ այն նպատակով, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 և 2021 թվականները»,- նշել է ԳԹԿ փոխտնօրենը և հավելել, որ այս տարի բուհերին հատկացվել է 1800 անվճար տեղ․ վճարովի տեղերը 21800 էին:

ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11058 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 8083-ը: 2935 դիմորդ դուրս է մնացել մրցույթից․ նրանցից 1546-ը չի հաղթահարել քննության անցողիկ շեմը։

Ըստ բանախոսի՝ դիմորդների շրջանում ամենապահանջվածը ՏՏ ոլորտն է։ Լավագույն հնգյակում է հայտնվել «Սերվիս» մասնագիտությունը, ինչը, Կարո Նասիբյանի խոսքով, անակնկալ էր:

«Չնայած ՏՏ ոլորտի մասնագիտությունները բուհերը բաժանել են մի քանի հատվածների, այնուամենայնիվ, այդ ոլորտը նորից պահանջված է։

Մեծ է հետաքրքրությունը նաև իրավագիտության նկատմամբ․ այդ մասնագիտությամբ դիմորդների համարյա կեսն ընդունվել է, 22-ը՝ ստացել անբավարար գնահատական, իսկ 135-ը՝ դուրս մնացել մրցույթից։

Ինչպես միշտ, պահանջված են նաև բուժական մասնագիտությունները, հիմնականում «Բուժական գործը» և «Ստոմատոլոգիան»։

Միաժամանակ նշեմ, որ եթե տարիներ շարունակ պահանջված են եղել տնտեսագիտական մասնագիտությունները, հատկապես` «Ֆինանսներ և վարկ» ու «Կառավարում» մասնագիտությունները, ապա այս տարի այդ մասնագիտություններով ընդունվել են նույնիսկ շատ ցածր միավորներով:

Կարելի է ասել` համարյա մրցույթ չի եղել»,- ընդգծել է Կարո Նասիբյանը և հավելել, որ քիչ դիմորդներ ունեն քիմիային առնչվող մասնագիտությունները, ինչպես նաև փոքր պահանջարկ՝ կրոնագիտությունը, աստվածաբանությունը, արվեստաբանությունը, մշակութաբանությունը։

Նրա խոսքով՝ 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների արդյունքներով «Հայոց լեզու» առարկայի իմացության մակարդակի անկում չի նկատվում:

Քննությունների առաջին փուլի արդյունքների համաձայն՝ դիմորդներն ապահովել են միջին միավոր, ինչպես նախորդ տարիներին էր:

Նշյալ առարկայի քննությունից ստացված ցածր գնահատականների վերաբերյալ բարձրացված աղմուկը վերաբերում էր երկրորդ փուլին:

«Միայն երկրորդ փուլով ասել, որ հայոց լեզվի իմացության մակարդակն իջել է, ճիշտ չէ: Ընդհանուր արդյունքները դիտարկելով՝ չեմ կարող ասել, որ այս տարի հայոց լեզվի միջին գնահատականը ցածր է: Լրացուցիչ փուլով կազմակերպված քննությունների գնահատականները սովորաբար ցածր են լինում:

Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ: Ընդհանուր գնահատականների համար անհրաժեշտ է դիտարկել երկու փուլն էլ»,- նշել է Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ այս տարի հայոց լեզվից քննություն հանձնողների 1/3-ը 18-ից բարձր միավոր է ստացել:

Լրագրողների այն դիտարկմանը, որ անգլերենի գնահատականներն ավելի բարձր են, քան հայոց լեզվի, Կարո Նասիբյանը փաստել է, որ տարիներ շարունակ օտար լեզվից ավելի բարձր են ստանում, քան «Հայոց լեզու» առարկայից:

Անդրադառնալով թափուր մնացած տեղերին՝ բանախոսը նշել է, որ այդ թիվը բավականին մեծ է, քանի որ բացի պետական բուհերից՝ ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը. «Մոտավորապես 15000 թափուր տեղ դեռևս ունենք: Դիմորդները հուլիսի 19-ից dimord.am կայքում հնարավորություն ունեն ծանոթանալու պետական և ոչ պետական բուհերի թափուր մնացած տեղերին՝ ըստ մասնագիտությունների և բուհերի»:

Հիշեցնենք, որ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատելու է հուլիսի 30-ին: