Իրանը չի հանդուրժի Աֆղանստանում քաոս

Ի պատասխան այն լուրերի, որ «Թալիբան» աֆղանական ահաբեկչական շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մինչև 80 %-ը, և նրա ջոկատները հասել են Իրանի հետ սահմանին, իրանցի գեներալներն ակտիվացել են: Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին հերքել է Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Իրանի արևելյան սահմանների անապահովության հետ կապված մտահոգությունները՝ ընդգծելով երկրի զինված ուժերի բարձր զգոնությունը: «Մեր զինված ուժերը գտնվում են լավագույն վիճակում ու տարիներ շարունակ պատրաստվում են հնարավորինս մեծ սպառնալիքների, և Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում մեր երկրի համար»,- հուլիսի 15-ին հայտարարել է գեներալ Մուսավին: Այդ հայտարարությունը նա արել է, երբ այցելել է Իրանի հարավարևելյան սահմանի Դոկարունը՝ զորամասերը գնահատելու և սահմանային գոտում տեղակայված բանակային ստորաբաժանումների ռազմական, ավտոմոբիլային, օժանդակ և էլեկտրոնային սարքավորումները մանրակրկիտ զննելու համար:

Գեներալ-մայորը նաև ասել է, որ երկրի զինված ուժերն ընդունակ են լուծել Իրանի հարևան երկրներում տեղի ունեցող որոշակի իրադարձություններից բխող անվտանգության խնդիրները․ «Սահմանների ավելի քան 90 %-ը վերահսկվում է տարբեր էլեկտրոնային համակարգերի, սենսորների, տեսախցիկների և անօդաչու թռչող սարքերի միջոցով»: Նրա խոսքով՝ ստացված տեղեկատվությունը վերլուծվում է և համապատասխան որոշում է կայացվում: Մուսավին ասել է, որ ցամաքային, ծովային ու օդային սահմանները վերահսկվում են երկրի զինված ուժերի կողմից՝ օգտագործելով «ժամանակակից համակարգեր»: Հայտարարություններ է արել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամադ Պակպուրը: Նա ասել է, որ Աֆղանստանի հետ Իրանի արևելյան սահմանը լիովին հանգիստ է ու անվտանգ՝ չնայած Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» զինյալ խմբավորման միջև շարունակվող հակամարտությանը: «Չնայած Աֆղանստանում շարունակվող պատերազմին, այս երկրի հետ Իրանի ընդհանուր սահմանում դեռևս ոչ մի ուշագրավ միջադեպ չի եղել, և Աֆղանստանի հետ արևելյան սահմանին տիրում է լիակատար անվտանգություն և հանգստություն»,- ասել է գեներալ Պակպուրը Աֆղանստանի հետ Իրանի ընդհանուր սահման կատարած այցի և այնտեղ տեղակայված զորամասերը ստուգելու ընթացքում: Հայտարարությունն արվել է, երբ վերջին շաբաթներին թալիբները գրավել են Աֆղանստանի այն տարածքները, որոնք սահմանակից են հինգ երկրներին՝ Իրանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին, Չինաստանին և Պակիստանին: «Թալիբանի» զինյալների մի խումբ հուլիսի 15-ին հայտարարել է, որ գրավել է Պակիստանի հետ սահմանի երկայնքով անցնող Սփին-Բոլդակ ռազմավարական սահմանային անցումը՝ շարունակելով արագ առաջխաղացումը:

Ինչպես հայտնել է «Fars News» գործակալությունը, հուլիսի 19-ին, արձագանքելով Քաբուլի օդանավակայանը Թուրքիայի վերահսկողությանն անցնելու տեղեկությանը, մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Սաիդ Խաթիբզոդան հայտարարել է. «Մենք ուշադիր հետևում և վերահսկում ենք իրավիճակը սահմաններին: Աֆղանստանի անվտանգությունը մեր անվտանգությունն է, և Իրանը չի հանդուրժելու քաոսը Աֆղանստանում»: Խաթիբզոդան նշել է նաև, որ Իրանը կապի մեջ է բոլոր աֆղանական խմբավորումների հետ և աջակցում է Աֆղանստանում խաղաղության հաստատմանը: Թե ինչու է ակտիվացել Իրանի ԱԳՆ-ը, հասկանալի է. եթե առաջին պլան են դուրս եկել բանակի և ԻՀՊԿ գեներալները, ապա ԱԳՆ-ը պարզապես իրավունք չունի լռելու: Հիշեցնենք, որ Իրանը Աֆղանստանի հետ ավելի քան 900 կմ երկարությամբ սահման ունի: Աֆղանստանի բնակչության մեծամասնությունը սուննի իսլամ է դավանում, շիաները հիմնականում Իրանի կողմից աջակցություն վայելող հեզարացիներն ու Հերաթ նահանգի բնակիչներն են: Ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք խթանում են միջկրոնական բախումները, այդ թվում՝ շիաների հետ կապված, որոնք կազմում են Իրանի բնակչության ճնշող մեծամասնությունը, ակտիվորեն աշխատում են աֆղանական սուննիների շրջանում: Դե ինչ, Աֆղանստանի շիաները Իրանի հավատարիմ դաշնակիցներն են նույնիսկ հակաահաբեկչական պատերազմում, որը շարունակվում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում:

Մնում է միայն ափսոսանք հայտնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ,  թուրքերի կողմից Արցախի Հանրապետության 70 % գրավումից հետո, ինչպես նաև այսօր, երբ թուրքերն ու կովկասյան թաթարները արդեն բացահայտորեն սպառնում են Հայաստանի սահմանային մարզերին, ոչ  իրանական զինվորականները, ոչ էլ Իրանի արտգործնախարարությունը չեն հայտարարել ու չեն հայտարարում, ասենք, նման բան. «Հայերի անվտանգությունը Անդրկովկասում մեր [այսինքն՝ Իրանի] անվտանգությունն է, և Իրանը չի հանդուրժի Անդրկովկասում քաոսը իր սահմաններին»…

Սերգեյ Շաքարյանց