Պուտինի ու Ալիևի այսօրվա բանակցության օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է

Մոսկվայում այսօր տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել են՝ հանդիպմանը նախատեսվում է, որ նախագահները կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցը` շեշտը դնելով առևտրի, ներդրումների և հումանիտար համագործակցության վրա:

Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:

«Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: