Բաթումի հռչակագիր. հետխորհրդային հանրապետությունները ցանկանում են անդամակցել ԵՄ-ին

Քաղաքական ուղղություն դեպի եվրաինտեգրում. Բաթումում կայացած խորհրդաժողովում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները ստորագրել են համատեղ հուշագիր, որով հաստատել են ԵՄ-ին անդամակցելու իրենց ձգտումը: Այս մասին գրում է euronews.com կայքը:

Փաստաթղթի համաձայն` եվրոպական ընտանիքի մաս դառնալու հեռանկարը հանրապետություններին տալիս է հզոր խթան` ավելի խորը բարեփոխումներ իրականացնելու համար:

«Մեզ միավորում է անցյալին վերադառնալու ցանկության բացակայությունը: Մենք պատրաստ ենք և վճռական ենք պայքարել հանուն մեր եվրոպական ապագայի`մեր երկրներում բևեռացման սպառնալիքից և դրսից սադրանքների ռիսկերից խուսափելու համար»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

ԵՄ-ում եռյակի ազդանշանը ընդունել են խանդավառությամբ: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը ժամանել է Բաթում, նախանշել է հետագա համագործակցության հեռանկարները, բայց փակագծերում է թողել հանրապետությունների` ԵՄ-ին անդամակցության հարցը: «Եվրամիությունը կմնա ուժեղ և հուսալի գործընկեր ձեր տարածաշրջանի համար: Մենք հուսով ենք, որ դուք հավատարիմ կմնաք բարեփոխումներին, և ոչ թե Բրյուսելի հավանությունը ստանալու համար, այլ ձեր ժողովուրդների և ձեր հասարակության շահերից ելնելով»,-ասել է նա:

Ուկրաինան Մոլդովան և Վրաստանը «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության անդամներ են:

Բաթումում նրանց խոստացել են աննախադեպ ֆինանսական օգնություն Եվրոպայից՝ 2,3 միլիարդ եվրո: