Երասխը, Շահան Նաթալին և Հայաստանի գոյության իմաստը

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«• 1930-ականներին, երբ աշխարհում տիրապետող չէին ներկայիս լիբերալ-ֆաշիստական «պոլիտկոռեկտությունը» և պատմության «խմբագրումները», հայոց գաղափարախոսներից Շահան Նաթալին ազատորեն գրում էր տողեր, որոնք այսօրվա հայացքով կարող են թվալ ռասիստական, բայց իրենց գիտական էության մեջ ճշմարիտ են։ Նա հայության 20-րդ դարասկզբի աղետի պատճառը տեսնում էր նրանում, որ մենք ճիշտ չէինք ֆիքսել մեր թշնամուն․ այն դեպքում, երբ թուրքը խփում էր ամբողջ հայ ժողովրդին, մեր կարգախոսն էր՝ «մահ սուլթանին, փաշային, կուսակալին և ռեժիմին»։ Ապա Նաթալին նշում է, որ միայն մեկ անգամ շտկվեց այս սխալը՝ թույլ տալով Հայաստան պետության ստեղծումը՝ «և այդ եղաւ… մաքրագործումը Հայաստանի սահմաններուն մէջ… և միայն անոր արդիւնքն է այսօրի հայկական մեծամասնութիւնը հողամասի մը վրայ, որ… Հայաստան է այսօր և Հայութիւնը` ազգութիւն»։ Խոսքը 1918-1920 թթ․-երին ՀՀ կառավարության կողմից ՀՀ ներկայիս տարածքի ապստամբ թյուրքական շրջանները ճնշելու մասին է, որի շնորհիվ Հայաստանն զգալիորեն վերահայացավ։

  • Ցավոք, 1991 թ․-ին վերանկախացած Հայաստանը նույնպես թույլ տվեց այս սխալը։ Տուրք տալով դարեր, եթե ոչ մի ամբողջ հազարամյակ հայության մեջ բույն դրած կույր արևմտամոլության թարախապալարին՝ այդպես էլ հանրային հեռուստատեսությամբ Ադրբեջանի մասին «հակառակորդ»-ի փոխարեն չհնչեց «թշնամի» բառը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները մնացին անմշակ, իսկ ինքնին կարգավորումը՝ զուտ իրադրային և ոչ խորքային ռազմավարական մակարդակում։ Իսկ մեր թշնամիները խիստ հստակ դիրքորոշում ունեցան մեր հանդեպ․ Հայկական լեռնաշխարհում Հայաստան ու հայություն պիտի չլինեն։ Վերջնական նպատակակետի հստակությունը հեշտացնում է քայլքդ, ինչպես մութ երկնքում բևեռային աստղին հետևելը։ Եթե մեկ մի աստղի հետևես, մեկ ուրիշ աստղի, ապա առանցքիդ շուրջ անվերջ կպտտվես ու առաջ չգնալով՝ կդոփես տեղում։
  • Այսօր Հայաստանի խնդիրների լուծման առաջին քայլը հենց այս գաղափարական իմաստավորումն է, թե ինչի համար է անկախ Հայաստանը, ինչն է արժևորում նրա գոյությունը հայության և մարդկության առաջ, ովքեր են նրա թշնամիները, և ըստ այդմ՝ դեպի ուր պետք է այն քայլի։ Ըստ ինքյան հասկանալի է, որ այս հարցերի պատասխանները չեն կարող ծնվել հարևանական համատեքստից դուրս․ եթե հարևաններդ ցանկանում են ոչնչացնել քեզ, իսկ դու ցանկանում ես զուտ բարեկեցիկ և տարեկան 5-6%-անոց աճ գրանցող ՀՆԱ-յով երկիր, ապա նորանոր պարտություններն անխուսափելի են։ Չի կարող հանցագործ թաղամասում մեծացող երեխան միայն ջութակի գնալով պաշտպանել իր պատիվն ու մարմինը, նրան մի գեղեցիկ օր անպայման «կդայաղվեն» ու կծեծեն…
  • Ասվածից հետևում է, որ քանի դեռ Հայաստանն առաջին քայլով ազգային լեգենդի մակարդակում որպես Հայաստանի թշնամի չի ֆիքսել Ադրբեջան պետությունը և վերջինիս վերացումը, սեփական հովանու ներքո պատմական Առանի և Շիրվանի էթնոլեզվական բազմազանության վերականգնումը և դրանով համաշխարհային ընտանիքի հարստացումը չի սահմանել որպես նպատակ, «երասխները», «կութերը», «տեղերը», «ոսկեպարները» չեն դադարելու․ անհնար է պայքարել հետևանքի դեմ՝ առանց առերեսվելու սկզբնապատճառին։ Իսկ սկզբնապատճառն այն է, որ Ադրբեջանը հստակ նպատակ ունի վերացնել Հայաստանը և հայությունը, իսկ Հայաստանը և հայությունը դեռևս նպատակ չունեն, եթե ունեն էլ, ապա հազիվ թե այլ բառով կարելի է դա բնութագրել, քան ժողովրդական «յոլա գնալ»-ն ու «էսօրվա օրով ապրել»-ը։
  • Ու եթե գրվածը ձեզ ֆանտաստիկ ցնդաբանություն է թվում, ապա կարող եք ծանոթանալ համաշխարհային պատմության մեջ իրականություն դարձած բազում «ցնդաբանությունների»՝ սկսած Իսրայել պետության ստեղծմամբ, վերջացրած 1988 թ․-ին Արթուր Մկրտչյանի հորդորներով, որ պետք է մինչև Արաքսի ափ ազատագրել։ Այդժամ կհասկանաք, թե ինչու է Հովհաննեսի ավետարանն սկսվում «Ի սկզբանէ էր Բանն» խոսքերով, քանզի նախ ծնվում են միտքն ու գաղափարը, հետո նյութականանում դրա առարկայական ձևերը…»