Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Այս մասին Tert.am–ին ասաց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

«Որոշումը բողոքարկելու ենք։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է պայմանավորված այդ որոշումը, բայց այն անօրինական է»,– ասաց նա և նշեց, որ Ռոբերտ Սուքիասյանն ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին, խոստացել է աջակցել նախաքննությանը։

Հիշեցենք, որ երեկ Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝
ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։

Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով միջադեպին, անընդունելի է համարել այն։ «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա: