«Դիմադրել է, չեն կարողացել գերեվարել, բանակցությունները 4-5 ժամ տևել են». կոմբայնավարի եղբայրը մանրամասներ է պատմում

Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Արթուր Առուշանյանն իր կոմբայնով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածք անցնելիս կարողացել է դիմադրել ադրբեջանցիներին և գերի չի ընկել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Արթուր Առուշանյանի եղբայրը՝ Ալիկ Առուշանյանը։

«Գյուղում հունձ անելիս է դեպքը տեղի ունեցել։ Մի 7 մետր երեևի իրենց տարածքում է եղել, չի իմացել եղբայրս։ Եղբայրս դիմադրել է, այդ ընթացքում չեն կարողացել իրենք տանեն»,- պատմեց նա։

Հարցին՝ արդյոք կոմբայնը կարողացե՞լ են հետ բերել, Առուշանյանն ասաց. «Մեծ դժվարությամբ, մի կերպ, բայց կարողացել ենք բերել։ Ռուս սահմանապահները, համայնքապետը իրենց հետ բանակցություններ էին տանում։ Բանակցությունները մոտ 4-5 ժամ են տևել»։

Նա պատմեց՝ երբ իր եղբայրը մտել էր դաշտերը հնձելու, 10 մետր մտել էր իրենց տարածք, իրենք էլ եկել էին կոմբայնավարի հետևից. «Երբ ադրբեջանցիները մոտեցել են եղբորս, այդ ժամանակ մի սանտիմետր էլ չէր անցել, իրենք են սահմանն անցել այդ դեպքում, ու եկել են եղբորս հետևից, որ գերեվարեն։ Տրակտորով վարել են՝ որպես սահման, որ այլևս իրենց վերահսկողության տակ եղած տարածք չանցնենք»։