Բաթումում ԼԳԲՏ հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել ԵԽ ղեկավարի համար

ԼԳԲՏ հանրույթի հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել վրացական Բաթումում այն հյուրանոցի կողքին, որտեղ հանգրվանել է Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելը, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Միշելը Վրաստան է ժամանել Բաթումում անցկացվող «Եվրամիության ձգողական ուժը եւ տարածաշրջանի փոխակերպումը» միջազգային գիտաժողովի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են նաև Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլին, Վլադիմիր Զելենսկին և Մայա Սանդուն։ Պետությունների ղեկավարները կստորագրեն «Ասոցիացված եռյակի» (դաշինք, որը ստեղծվել է եվրաինտեգրման գծով երեք երկրների ջանքերի կոորդինացման համար) գագաթաժողովի հռչակագիրը։

«ԼԳԲՏ հանրույթի հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել Sheraton Batumi հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը վրացական ընդդիմության առաջնորդների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշում է գործակալությունը, ցուցարարները Միշելին ուղղված կոչերով պաստառներ ունեին՝ «Եվրոպական ընտրությունը՝ միայն երկրի կոնսոլիդացման և ավանդույթների պաշտպանության համար», «Ազգ, ընտանիք, կրոն՝ սրանք են մեր արժեքները, իսկ ձերը որո՞նք են, Միշել», «Վրաստանում պետք է միայն զորահանդեսներ տեղի ունենան»։ Հյուրանոցի մոտ ոստիկանություն էր կուտակված։

ԼԳԲՏ հանրույթի «Թբիլիսի փրայդ» կազմակերպությունը հուլիսի 5-ին նախատեսում էր Թբիլիսիում երթ կազմակերպել։ Դրա դեմ կտրականապես դեմ հանդես եկան ավանդական արժեքների պաշտպանները, որոնք առավոտվանից հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նրանցից առավել ագրեսիվ տրամադրվածները սկսեցին հարձակվել լրագրողների վրա՝ նրանց մեղադրելով սեռական փոքրամասնություններին պաշտպանելու մեջ։ Տուժեց ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչ։

ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեյը հուլիսի 7-ին Վրաստան կատարած այցի ընթացքում դատապարտեց ԼԳԲՏ հանրույթի հակառակորդների գործողությունները, որոնք երկու օր իրենց ագրեսիվ էին պահում Թբիլիսիի կենտրոնում, ծեծում էին լրագրողներին, ինչպես նաեւ պոկեցին ԵՄ դրոշը երկրի խորհրդարանի շենքի վրայից։