Ո՞ր մասնագիտություններն են այս տարի նախընտրել դիմորդները

Բուհերի ընդունելության քննություններում այս տարի ամենապահանջված ոլորտը IT ոլորտն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Պահանջված է իրավագիտությունը, այստեղ դիմորդների կեսն ընդունվել է: Պահանջված են բժշկական մասնագիտությունները: Եթե տարիներ շարունակ պահանված էին տնտեսագիտական մասնագիտությունները, այս տարի այդ մասնագիտություններում նույնիսկ շատ ցածր միավորումներով ընդունվել են, համարյա մրցակցություն չի եղել»,-ասաց նա:

Նասիբյանի խոսքով, մարզերի բուհերի վիճակը բարվոք չէ. օրինակ, Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է ընդամենը 52 դիմորդ:

«Այս տարի ևս շատ քիչ դիմորդներ են եղել քիմիային վերաբերող մասնագիտությունների գծով: ԵՊՀ-ում թափուր տեղերի թիվը մեծ է կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը: