Դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի համար մրցույթին՝ նշելով մինչև 6 մասնագիտություն

2021 թվականի ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019-ի, թե 2020-ի քննություններից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Բանն այն է, որ 2019-ի ընդունելության քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020 թվականի քննությունները, ինչպես գիտեք, դիմորդները հանձնել են միայն մեկ քննություն, իսկ 2021-ին առավելագույնը 2 քննություն են հանձնել:

Բուհերին անվճար հատկացված տեղեր ունեինք 1800, և վճարովի 21 820 տեղ:

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 11 058 դիմորդ, ընդունվածների թիվը՝ 8083: Մրցույթից դուրս է մնացել 2935, որոնց շարքում կտրվածների թիվը կազմել է 1546»,- ասաց նա:

Նասիբյանը տեղեկացրեց, որ դուրս մնացածները, ինչպես նաև քննություններից կտրվողներից նրանք, որոնք երկու քննությունից մեկի դեպքում դրական գնահատական են ստացել, հնարավորություն ունեն մասնակցել թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին:

«Թափուր տեղերի թիվը մեծ է, որովհետև բացի պետական բուհերից,  ընդգրկված են ոչ պետական բուհերը: Մոտավորապես 15 հազար տեղ թափուր է, այնպես որ եթե դիմորդները այսօր ժամը 18-ից բացեն  dimord.am կայքը և փորձեն գտնել թափուր տեղերը, այնտեղ կտեսնեն: Թափուր տեղերի համար ընդունելությունը մեկնարկում է այսօրվանից մինչև հուլիսի 26-ը ներառյալ:

Հայտագրումը տեղի է ունենալու այսպես. ընտրելու են մինչև 6 մասնագիտություն, կարող են ընտրել տարբեր բուհեր, և այդ դեպքում առավելությունը տրվելու է միավորին, ոչ թե ով որ մասնագիտությունն է առաջինը նշել»,-ընդգծեց նա: