Մարտունին հրաժեշտ է տվել Արցախի հերոս Արթուր Աղասյանին

Մարտունիում այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում  հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած, ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր  Աղասյանի թաղման արարողությունը։  Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

Մարտունու հրապարակում, Մոնթե Մելքոնյանի հուշակոթողի մոտ մարտունեցիները վերջին հրաժեշտը տվեցին  հերոս հայորդուն:
Մոնթեի օրինակով դաստիարակված, Մոնթեի ոգին իր մեջ կրող Արթուրը հետագայում և՛ ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներում իր կատարած սխրանքներով ապացուցեց, որ իսկական հետնորդն է Մոնթեի և մյուս մեր հերոսների:
Արթուրը հայոց պատմության հերոսական էջերում կմնա վառ օրինակ, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես պետք է պայքարել հայրենիքի ազատության համար, ինչպես պետք է պաշտպանել հող-հայրենին:
Նրան հուղարկավորել են զինվորական պատվով՝  հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար հետմահու պարգևատրելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ: