«Աֆղանական կոկտեյլը»

Շատ երկրներում, կարծես թե նույն հրամանով, լրագրողներն ու մեկնաբանները սկսել են գրեթե ամեն օր գրել այն մասին, թե ինչ կլինի Աֆղանստանում և ինչ կլինի այս երկրի հետ ԱՄՆ, ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի «կրտսեր ծառայողների» (որոնց նաև՝ մեր Հայաստանը…) զորքերի՝ Աֆղանստանից հեռանալուց հետո: Տողերիս հեղինակը ևս անդրադարձել է Աֆղանստանի թեմային, սակայն այլ համատեքստում. ես կանխատեսում էի, որ հենց Աֆղանստանից է սկսվելու աշխարհաքաղաքական «ճակատամարտի» նոր սրումը աշխարհի հիմնական տերությունների միջև, քանի որ Արցախում Հայաստանի կողմից կատարած դավաճանությունը ինքնաբերաբար մեզ՝ հայերիս, դուրս է մղել «կենդանի ազգերի ցուցակից», մեզ «ջնջեցին»:

Սակայն խնդիրն այն է, որ անձանց մեծ մասը, ովքեր այժմ դիմել են Աֆղանստանի թեմային, 99%-ով տեսնում են միայն այն, որ Միացյալ Նահանգները որոշել է հետ կանչել իր զորքերը՝ Աֆղանստանի տարածքն ավտոմատ կերպով Ռուսաստանի դեմ ագրեսիայի ահաբեկչական կենտրոնի վերածելու նպատակով: Ոմանք ենթադրում են, որ մոտ ապագայում, Աֆղանստանից ամերիկացիները «պրոքսի-պատերազմի» մեթոդով «անհանգստացնելու են» նաև Իրանին և Չինաստանին: Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել այս կանխատեսումների հետ:

Նախկին «Հյուսիսային դաշինքը», որը միշտ վերահսկում էր Աֆղանստանի հյուսիսը, փաստացի վերակենդանացել է, և առաջնորդները գրեթե նույնն են. մարշալ Մուհամեդ Աբդուլ-Ռաշիդ Դոստումը (ուզբեկ), Ահմադ Մասուդը (բադախշանյան տաջիկ)՝ լեգենդար «Պանչշերյան առյուծի», Աֆղանստանի իսլամական հասարակության, ինչպես նաև այդ կուսակցության ռազմականացված թևի ղեկավար, Ահմադ Շահ Մասուդի որդին: Հիշեցնեմ, որ Ահմադ Շահ Մասուդը սպանվել է (ահաբեկչության միջոցով) 2001 թ. սեպտեմբերի 9-ին, և հենց այն պատճառով, որ ակտիվորեն և հաջողությամբ դիմակայում էր հենց «Թալիբան» և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպություններին: Ոչ միանշանակ սպառնալիքներ է հնչեցրել նաև «Ութի դաշինք» – «Շիական ութնյակ» կուսակցությունների դաշինքի ամենամեծ և ազդեցիկ դաշտային հրամանատար Մոհամադ Էսմոիլ Խանը, որը հայտնի է որպես «Հերատի առյուծ», և նա, և իր բանակը նույնպես մտնում էին «Հյուսիսային դաշինքի» մեջ: Ըստ որոշ աղբյուրների՝ Էսմոյլ-Խանը իրանցի (պարսիկ) է, ըստ մյուսների՝ տաջիկ, սակայն փաստ է, որ նա շիա է: Համոզված ենք, որ այս նախնական տեղեկությունները միանգամայն բավարար են, որպեսզի ցանկացած հետազոտող զգուշանա ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանի ապագայի կանխատեսումներից:

Եվ որպեսզի Աֆղանստանի մասին խոսակցությունը չձգձգվի, մենք մեր ընթերցողներին կառաջարկենք տեղի ունեցածի այլ վարկած: Դեռ Բարաք Օբամայի օրոք Միացյալ Նահանգների իրական ղեկավարները հասկացել էին, որ Աֆղանստանում պարտություն են կրել. խնդրում ենք ուշադրություն չդարձնել Պակիստանում Ուսամա բեն Լադենի ցուցադրական «ոչնչացմանը»: Սակայն Օբամայի կողմից սկսված զորքերի դուրսբերումն ընդհատվել է, իհարկե, Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն ժամանմամբ: Թրամփի խաղադրույքը պարզ էր. պահպանել զուտ ամերիկյան վերահսկողությունը, որպեսզի իրավիճակի զարգացման հետ մեկտեղ ահաբեկիչներին «ուղարկեն» այստեղ կամ այնտեղ, այսինքն՝ անհրաժեշտության դեպքում Կենտրոնական Ասիայի հանրապետությունների դեմ՝ Ղազախստանի համար լարվածություն ստեղծելու համար, իսկ այնտեղից՝ նաև Ռուսաստանի Դաշնության համար: Իսկ անհրաժեշտության դեպքում` անմիջապես Իրանի դեմ: Բայց ահա Բայդենը եկավ Վաշինգտոն՝ Օբամայի «տեղակալ», եթե որևէ մեկը հիշում է: Եվ կրկին գերակշռում է հարցի «ժողովրդավարական» ձևակերպումը. այսինք՝ Աֆղանստանից հեռանալը և նույն ահաբեկիչների ձեռքերով «վերահսկվող քաոսի» իրավիճակ ստեղծելը: Սակայն այժմ արդեն «Թալիբան»ին և «Ալ Քաիդա»-ին ավելացվել են «Իսլամական պետության» (ԻՊ) բջիջներն: Հիշեցնենք, որ դրանք ստեղծվել են «Իրաքի և Սիրիայի համար» ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից: Վաշինգտոնի բոլոր վարչակազմերը, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթում է ընտրություններում, նախընտրում են արագորեն տարածել «վերահսկվող քաոսի» ռազմավարությունը աշխարհով մեկ, հենց «դեմոկրատների» օրոք էին տեղի ունենում «գունավոր հեղափոխությունները» և հեղաշրջման փորձերը աշխարհի տարբեր երկրներում (բացի Հայաստանից. մեզ մոտ ներմուծվեց ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության իշխանության օրոք…):

Բայց ի՞նչ է պատահել, և ինչո՞ւ է ԱՄՆ-ը վերադառնում Աֆղանստանի համար «վերահսկվող քաոսին», կարծես «հրաժարվելով իր հաճախորդից»՝ ի դեմս «Թալիբան» շարժման: Ահա մեր պատասխանը. նույնիսկ այն ժամանակ, երբ «Թալիբանի» նախկին առաջնորդ Մոլլա Օմարը գնաց մերձեցման… Չինաստանի հետ և հրապարակավ խոստովանեց, որ Չինաստանը շահեր ունի Աֆղանստանում, իսկ ույղուրական  պանթուրքիստները անջատողականներ են, իսկ թալիբները հարգանք, սեր ունեն  Չինաստանի հանդեպ և ճանաչում են նրա տարածքը՝ ԱՄՆ-ը թալիբներին օգտագործելու ոչ մի շանս չպահպանեց… այո, հենց պատերազմ սկսելու համար, ընդ որում՝ Չինաստանի դեմ պանթուրքիստական ​​«կողմնապահությամբ»: Բանն այն է, որ հենց «Թալիբանը» (2000-ականների սկզբին) նույնպես սկսեց վերահսկել Աֆղանստանի տարածքի մինչև 80% -ը, ապա վերահսկվող հողերում նրանք համաձայնեցին և պայմանավորվեցին հատուկ հենակետեր ստեղծել ույղուրական ահաբեկիչների համար, որոնց խնամակալում էին… Միացյալ Նահանգների, Իսրայելի և Թուրքիայի հատուկ ծառայությունները … Եվ հիմա՝ 2021 թ. թալիբների ներկայիս ղեկավարները կրկնել են Մոլլա Օմարի խոսքերը: ԱՄՆ-ի ձեռքից  դուրս են քաշել Չինաստանի դեմ «Թալիբանի քարտը»: Իրանն ու Ռուսաստանը անմիջապես՝ «շտապել են» այնտեղ:

Այսպիսով, հարցն այնքան էլ այն չէ, որ ԱՄՆ-ը և «ներաֆղանական հակամարտության» բոլոր կողմերը հասկացել և գիտակցել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և ոչ այնքան, որ Վաշինգտոնը կորցրեց վստահությունը թալիբների նկատմամբ: Մենք տեսնում ենք, որ «վերահսկվող քաոսի» պայմաններում ամերիկացիները պատրաստվում են վերակենդանացնել «Ալ-Քաիդայի» և ԻՊ-ի ուժը, «Ալ-Քաիդան» այժմ կսկսի ներթափանցել Աֆղանստան Սաուդյան Արաբիայից և Պակիստանից, իսկ ԻՊ-ի ահաբեկիչները Մերձավոր Արևելքից ակտիվորեն տեղակայվել են այստեղ հենց իրենց՝ ամերիկացիների և թուրքերի ջանքերով: Իհարկե, Աֆղանստանում «կրակը» կուժեղանա, կսաստկանա նաև ահաբեկչությունների սպառնալիքը, սակայն հիմնական դերակատարը լինելու է ոչ թե «Թալիբան»-ը, այլ «Ալ Քաիդա»-ն և ԻՊ-ը: Ի դեպ, «Հյուսիսային դաշինքի» վերոհիշյալ բոլոր ղեկավարները, որպես խորհրդային օկուպացիայի դեմ պայքարի մասնակիցներ, տարբեր ժամանակներում նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Պակիստանի հատուկ ծառայությունների «հաճախորդներն» էին, և մարշալ Դոստումը գոնե մեկ անգամ քաղաքական ապաստան է ստացել Թուրքիայում: Ինչպես տեսնում ենք, գրեթե անհնար է կանխատեսել ապագա քաղաքական «աֆղանական կոմպոտի համը»: Մի բան ակնհայտ է. Չինաստանը սկսեց նախապատրաստվել այս իրավիճակին դեռ 2-3 տարի առաջ, և հենց այդ ժամանակ «համոզեց» Տաջիկստանին՝ չին-աֆղանական սահմանի հարակից տարածքներ փոխանցել Չինաստանի ռազմական վերահսկողությանը…

Սերգեյ Շաքարյանց