Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի զեկուցմամբ` ընդունելության քննությունները կազմակերպվել են երկու փուլով` ընդունելության կարգում ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի կատարված փոփոխությունները հաշվի առնելով: Համաձայն կատարված փոփոխությունների` նախապատվությունը տրված էր մասնագիտական կողմնորոշմանը: Ըստ այդմ` դիմորդն առաջին փուլում պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն: Քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ընդունելության մրցույթում բոլոր դիմորդներին հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով պայմանավորված, պահուստային տեղերից բուհերին հատկացվել են հավելյալ անվճար տեղեր: Անվճար համակարգ ընդունվելու անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած, հավասար միավորներ ունեցող բոլոր դիմորդները հնարավորություն կստանան ընդունվել անվճար համակարգ: Նույն սկզբունքը հաշվի առնելով` տեղեր են ավելացվել նաև վճարովի համակարգում:

Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները, որտեղ ներառված են միջազգային առարկայական օլիմպիադաներում, մարզական մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված դիմորդները, ինչպես նաև բանակից զորացրված և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված դիմորդները (արցախյան ազատամարտում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ):