Հեղեղումների պատճառով 70-ից ավելի մարդ է զոհվել Գերմանիայում և Բելգիայում (տեսանյութ)

Առնվազն 70 մարդ զոհվել է Գերմանիայում և Բելգիայում հեղեղումների պատճառով․ հորդառատ անձրևներից գետերը վարարել և դուրս են եկել ափերից, տեղեկացնում է BBC-ն։ Զոհերի մեծ մասը Գերմանիայում է, Բելգիայում զոհվել է 11 մարդ։ Ավելի քան 1000 մարդ Գերմանիայում համարվում է անհետ կորած։

Ամենից շատ տուժել են գերմանական Ռեյնլանդ Փֆալց և Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիա հողերը, բայց խիստ տուժել են նաև Նիդեռլանդները։ Ուրբաթ տարածաշրջանում կանխատեսվում են ավելի ուժեղ հորդառատ անձրևներ։

Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիա երկրամասի վարչապետ Արմին Լաշեթը խիստ տուժած շրջան այցելության ժամանակ նշել է, որ «մեղավորը» կլիմայի գլոբալ տաքացումն է։ «Մենք բախվելու ենք նման իրադարձությունների նորից ու նորից, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է արագացնենք կլիմայից պաշտպանության միջոցների ընդունումը… որովհետև կլիմայի փոփոխությունը չի սահմանափակվում մեկ պետությունով»,- ասել է նա։

Փորձագետներն ասում են, որ կլիմայի փոփոխությունը, ինչպես սպասվում է, կավելացնի ծայրահեղ եղանակային երևույթների հաճախակիությունը, բայց յուրաքանչյուր առանձին իրադարձություն գլոբալ ջերմացման հետ կապելը դժվար է։

Գերմանիայում ուղղաթիռներ և հարյուրավոր զինվորներ են նետվել տուժած շրջաններ՝ մարդկանց օգնելու համար, որոնք հայտնվել են դժվար վիճակում։ Տասնյակ մարդիկ փրկություն էին սպասում տների տանիքներին։ Երկրի արևմուտքում փակ են դպրոցները, իսկ տրանսպորտային հաղորդակցությունը լրջորեն խախտվել է։

Գերմանական SWR հեռուստաընկերության տվյալներով՝ մոտ 25 տուն կործանվելու սպառնալիքի տակ է Շուլդ բայ Ադենաու շրջանում (Էյֆել շրջան), որտեղ հայտարարված է արտակարգ իրադրություն։

Բելգիայում հեղեղման կադրերից երևում է, թե ինչպես է ջուրը սրբում-տանում մեքենաները Վերվիե քաղաքի փողոցներում։

Լիեժի՝ Բրյուսելից և Անտվերպենից հետո Բելգիայի մեծությամբ երրորդ քաղաքի բնակիչներին կարգադրվել է տարհանվել։ Տեղի իշխանությունների խոսքով՝ նրանք, ովքեր չեն կարող դուրս գալ, պետք է բարձրանան իրենց տների վերևի հարկեր կամ տանիքներ։ Սպասվում է, որ Մաաս գետը, որը հոսում է քաղաքի միջով, կբարձրանա 1,5 մետրով, չնայած այն արդեն հեղեղվելու եզրին է։ Պաշտոնական անձինք մտահոգ են նաև, որ այդ շրջանում ջրամբարի վրայի կամուրջը կարող է քանդվել։

Բելգիական Պեպինստեր քաղաքի բնակիչները, որը գտնվում է Լիեժ նահանգում, երկու գետերի հատման վայրում, տարհանվել են, բայց Թրոոզի քաղաքապետարանի պայմաններն այնքան վատն են, որ տարհանման ջանքերը դադարեցվել են։

Նիդեռլանդներում չկան տեղեկություններ զոհերի մասին, բայց հազարավոր մարդկանց քաղաքներում և գյուղերում Մաաս գետի երկայնքով կոչ են արել որքան հնարավոր է շտապ թողնել իրենց տները։

Հոլանդական Մաասթրիխտ քաղաքում 10 000 մարդ տարհանման հրաման է ստացել։

Հեղեղումը Վալկենբուրգում՝ բելգիական և գերմանական սահմանից ոչ հեռու, ընդգրկել է քաղաքի կենտրոնն ու հարկադրել տարհանվել մի քանի ծերանոցների կենվորներին։