Արարատ Միրզոյանը խոր դեպրեսիայի մեջ է․ հավանաբար ինչ-որ պահի կհեռանա թիմից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլևս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որևէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որևէ երկրում դեսպանի պաշտոնները։

Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին ևս մեկ անգամ արտգործնախարարի պաշտոնն առաջարկելուց և մերժում ստանալուց հետո տեղում որոշում է կայացրել, որ Արմեն Գրիգորյանը կդառնա արտգործնախարար։ Ապա նրա տեղը՝ ԱԽ քարտուղարի պաշտոնն է առաջարկել Միրզոյանին, բայց վերջինս դա էլ է մերժել։ Նրա շրջապատում կարծում են, որ գուցե վայր չդնի մանդատը, սակայն դժվար թե հաճախի ԱԺ նիստերին և ինչ-որ պահի հեռանա թիմից։

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանի նախագահի պաշտոնում ՔՊ-ն ընտրել է Ալեն Սիմոնյանին։ Խոսվում է նաև, որ Լենա Նազարյանը նույնպես չի վերցնի մանդատը․ մի կողմից՝ «սիրուն չի», որ մի ընտանիքից 2 հոգի մանդատ ունենա, իսկ նրա ամուսինը՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը, պատգամավոր է դարձել։ Մյուս կողմից՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից նրան գահընկեց արեցին, և նա մտածում է սեփական բիզնես գործունեություն ծավալելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում