ՀՀ քաղաքացիությունից 2018թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիսի 1-ը դուրս է եկել 18 362 հոգի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին օրերս գրավոր հարցում էինք ուղարկել` խնդրելով պատասխանել, թե 2018, 2019, 2020 թթ. և 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ քանի՞ քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար, նրանցից քանիսի՞  խնդրանքն է բավարարվել:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում ստացել ենք մեր հարցման պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան Հանրապետության նախագահին ուղղված Ձեր՝ սույն թվականի հուլիսի 9-ի գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:

Վերոնշյալ օրենքի  համաձայն՝  Հայաստանի Հանրապետության վարչապետը քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու, կամ՝ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն։

Հետևաբար, Հանրապետության նախագահի աշխատակազմը տնօրինում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ տվյալները: Ի պատասխան Ձեր հարցման, ստորև  ներկայացվում է  2018թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիսի 1-ը ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձանց թվի վերաբերյալ տեղեկատվությունը.

2018 թ. ապրիլից մինչև 2018թ. տարեվերջ  դադարեցվել է 5570 անձանց ՀՀ քաղաքացիությունը.

2019 թվականին դադարեցվել է 6065  անձանց ՀՀ քաղաքացիությունը.

2020 թվականին դադարեցվել է 4730  անձանց ՀՀ քաղաքացիությունը.

2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դադարեցվել է 1997 անձանց ՀՀ քաղաքացիությունը:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Սահմանադրության 145-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համաձայն ստեղծված «Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդ չի հանդիսանում և մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը չի տնօրինում»:

Թե պետական ո՞ր մարմինն է տիրապետում այդ տեղեկատվությանը, Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում նշված չէ: Իսկապես շա՜տ հետաքրքիր օրենսդրություն ունենք` «իրավահաջորդ չի հանդիսանում»…

Ինչպես նշված է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանում, ՀՀ վարչապետը «Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու, կամ՝ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն» (ընդգծումը` մերը)։

Հետևաբար, մեղմ ասած, անհասկանալի է վերոնշյալ պատասխանում առկա այն բացատրությունը, թե «Հանրապետության նախագահի աշխատակազմը տնօրինում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ տվյալները», քանզի պատասխանի նախորդած հատվածից արդեն պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ տվյալներից բացի, «տնօրինում է» նաև քաղաքացիության դադարեցումը մերժելու մասին վարչապետից ստացված առաջարկությունների վերաբերյալ տվյալներին: Եթե դրանք նույնպես նշվեին պատասխանում, ապա մեր հարցման պատասխանը կլիներ ամբողջական:

Եվ քանի որ նշված չեն, կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ նախագահը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողից վերոնշյալ ժամանակահատվածում չի ստացել ՀՀ քաղաքացիության դադարեցումը մերժելու մասին որևէ առաջարկություն։ Հարցը դարձյալ ուղղված է ՀՀ նախագահին, այս անգամ` հրապարակայնորեն: