Կունենանք Սյունիք՝ առանց մարտնչող համայնքապետերի. Վահե Հակոբյանը՝ սյունեցի համայնքապետերին հետապնդելու մասին

Ես համոզված եմ, որ դատարանը բավարարելու է ՀՔԾ–ի միջնորդությունը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15–ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Առուշանյանը պատերազմի առաջին օրերից առաջնագծում էր, հետպատերազմական ժամանակում՝ ևս, նույնը Քաջարանի քաղաքապետի դեպքում։ Վստահ եմ, որ բավարարվելու է նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը  և կունենանք Սյունիք՝ առանց մարտնչող համայնքապետերի»,– ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ պատրաստ են փողոցային պայքարի, այդ թվում նամակներ են պատրաստել ուղղված Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի ցույց տան, թե ինչ է կատարվում Հայաստանում։

«Մենք դարձել ենք բռնապետություն, ԱԱԾ–ն, իրավապահ մարմինները, ՊԵԿ–ը դարձել են կամակատարներ ու ենթարկվում են մի հոգու, որը առավոտը հիստերիկի նման կիսահարբած վիճակում զարթնում ու հրահանգում է՝ սրան ու նրան պիտի փակեք»,– ասաց Հակոբյանը։