Գերմանիան Թուրքիայից և մյուս երկրներից պահանջել է Լիբիայից դուրս բերել զորքերը

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ օտարերկրյա զինված ուժերը պետք է անհապաղ դուրս գան Լիբիայից՝ փոխանցում է Ermenihaber-ը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպվելիք նիստին ընդառաջ կատարած իր հայտարարության մեջ Մաասը նշել է, որ այդ գործընթացը  պետք է սկսել սիրիացի վարձկաններից։ Իսկ երբ բոլոր վարձկանները դուրս բերվեն, մաս-մաս պետք է հեռանան նաև մնացած բոլոր  ուժերը, այդ թվում՝ կանոնավոր զորքերը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի հունիսի 23-ին Բեռլինում Լիբիայի թեմայով կայացած երկրորդ հանդիպման որոշումների իրականացումը։ Բեռլինի հանդիպմանը մասնակցել էին 16 երկրի, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի ու ԱՄԷ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր ստանձնել էին օտարերկրյա ռազմական ներկայացուցիչներին Լիբիայից դուրս բերելու պարտավորությունը։

Բայց նույն պարտավորությունները այդ երկրները ստանձնել էին նաև հունվարին կայացած առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդպես էլ սայլը տեղից չէր շարժվել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին Լիբիայում դեռևս շուրջ 20000 օտարազգի զինվորներ կան։ Այդ զինվորների մեծ մասը կազմում են Սուդանից ու Չադից բերված վարձկանները։ Իսկ Թուրքիան, ի տարբերություն այլ երկրների, Լիբիայում պետական պաշտոնական զորք ունի։ Թուրքական բանակի ներկայությունը Լիբիայում հիմնավորվում է 2019-ի նոյեմբերի 27-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ստորագրված Անվտանգության և ռազմական համագործակցության համաձայնագրով։ Այդ պատճառով էլ Անկարան համոզված է, որ օտարազգի զինվորներին երկրից դուրս բերելու կոչերը ոչ մի կերպ իրեն չեն վերաբերում:

Ավելի վաղ Թուրքիան ընդունել էր նաև, որ Լիբիայում ընթացող բախումներին մասնակցելու նպատակով նաև սիրիացի վարձկաններ է տեղափոխել տարածաշրջան։ Բայց ներկայումս հստակ տվյալներ չկան այն մասին, թե այդ վարձկանների ո՛ր մասն է դուրս բերվել Լիբիայից, ո՛ր մասն է դեռ երկրում։