ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

2021 թ. հունիսի 21-ից հուլիսի 14-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանը:

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 37 ելույթներով, որոնցում մասնավորապես ներկայացվել է Հայաստանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանձնառության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնակցել կանանց իրավունքների, խտրականության, ռասիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարի, արտադատական ու կամայական մահապատիժների դեմ պայքարի, խոսքի ու հավաքների ազատության, կլիմայի փոփոխության, կրթության իրավունքի, թրաֆիքինգի, ներքին տեղահանված անձանց ու միգրանտների, COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ քննարկումներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ քննարկման ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է այս ուղղությամբ իրականացվող միջազգային հանրության ջանքերում մեր երկրի ներդրմանը։ Հատուկ խորհրդականի մասնակցությունը ՄԻԽ նստաշրջանին ամրագրված էր Հայաստանի կողմից հեղինակված և ՄԻԽ կողմից նախորդ տարի ընդունված Ցեղասպանության կանխարգելման մասին համար 43/29 բանաձևով։

Մի շարք քննարկումների առարկա է դարձել ձեռնարկատիրությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը՝ դրան վերաբերող ՄԱԿ-ի ուղենշային սկզբունքների հաստատման 10-ամյակի առթիվ։ Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ՄԻԽ հատուկ պանելային քննարկում է գումարվել «Մարդու իրավունքների տարածումը սպորտի և օլիմպիական գաղափարների միջոցով» խորագրի ներքո։ ՄԻԽ-ը նաև անդրադարձել է առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակին:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ ներկայացուցչությունը մանրամասն լուսաբանել և ՄԱԿ անդամ երկրների ու համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, իրականացրած պատերազմի հանցագործություններին, մարդու իրավունքների միջազգային իրավապայմանագրային համակարգի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին:

Ներկայացվել են հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքների հիման վրա անցկացվող թատերականացված դատավարությունները, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, Ադրբեջանում հայերի հանդեպ ամենաբարձր պետական մակարդակով տարվող համակարգված ռասիստական քարոզչությունը և դրա անընդունելի դրսևորումները, այդ թվում վերջերս բացված այսպես կոչված «Ռազմավարի պուրակը»:

Շեշտվել է, որ Ադրբեջանը արհամարհում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի կոչերը և հստակ հարցադրումները, որոնք շարունակաբար անպատասխան են մնում:

Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հանդեպ համարժեք միջազգային արձագանքի պակասը հանգեցրել են վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ նկրտումների ու ոտնձգությունների: Վերոնշյալ հարցերի շուրջ ելույթներ ունենալուց բացի, Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տարածեց նաև մի շարք հայտագրեր։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի և հետաքննող մեխանիզմների հետ քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակությունը անդրադարձել է Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Արցախի ժողովրդի դեմ հրահրված պատերազմում։ Հայաստանը պնդել է, որ բազմաթիվ աղբյուրներից ստացված և մի շարք պետությունների կողմից պաշտոնապես հաստատված այս փաստերը պետք է մանրակրկիտ միջազգային հետաքննության առարկա դառնան:

ՄԻԽ 47-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է մի շարք կարևոր բանաձևեր, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներգրավման, հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, կրթության իրավունքի, մարդու իրավունքների վրա կոռուպցիայի ազդեցության, թվային տեխնոլոգիաների և համացանցի զարգացման համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Մարդու իրավունքների խորհրդի հաջորդ՝ 48-րդ հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021 թ. սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ը: