Տպավորություն էր, որ իրավապահները պիտի գնային Սև լիճ, բայց ճանապարհը խառնել և պատահմամբ հայտնվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ Գրիգորյան

«Երեկ բոլորդ տեսաք՝ ինչպես են ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները զինված, դիմակներով ներխուժում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նրանք ի սկզբանե պետք է գնային Սև լիճ, որովհետև այնտեղ են մեր թշնամիները, բայց ճանապարհը խառնել և պատահմամբ հայտնվել էին ԶՊՄԿ-ում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ում տեղի ունեցած խուզարկություններին։

«Մարդկանց պարզապես տեռորի են ենթարկում ու ինչ-որ ցուցմունքներ են կորզում, ինչը, իհարկե, անհասկանալի է։ Մարդիկ այս պահին այնտեղ ահուսարսափում են գտնվում։ Պետության կողմից նման քայլը կարելի է որակել որպես հակապետական, որովհետև նման քայլից հետո ո՞ր տնտեսվարողը, ո՞ր արտաքին ներդրողը կցանկանա ներդրումներ կատարել ՀՀ-ում»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ մտել են կոմբինատ և բերման են ենթարկել մարդկանց, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ օրինակ «Հայաստան» դաշինքին կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի սատարելով։

«Մարդիկ մտնում են աշխատատեղ ու տեսնում են, որ զինված կանգնած են դիմակավոր մարդիկ, ու չեն հասկանում՝ այս ամբողջ գործընթացն ինչի մասին է։ Սա պետության համար ճիշտ քայլ չէ։ Ամուլսարի պատմությունից հետո էլ, երբ թիվ մեկ հարկատուին նման ռեպրեսիաների են ենթարկում, ես չգիտեմ՝ ծանր պայմաններում հայտնված հետպատերազմական ՀՀ-ում որ ներդրողը կցանկանա ներդրում կատարել»,-ասաց Գրիգորյանը։