Հայաստան է գալիս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը. Փաշինյանը համպատասխան որոշում է ստորագրել

2021 թվականի հուլիսի 16-17-ը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան։

Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի հուլիսի 16-ից 17-ը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`

  1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում:

  1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
  2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
  3. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:
  4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»:

Նշենք, որ Շառլ Միշելը այցելելու է նաև Վրաստան։