Ազգային անվտանգության «Ալֆան» այսօր բերման է ենթարկել այդ նույն «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգնած Արամ Գասպարյանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Ազգային անվտանգության «Ալֆան» այսօր բերման է ենթարկել կենսաթոշակի անցնելուց հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես դեպարտամենտի ղեկավար աշխատող, այդ նույն «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգնած Արամ Գասպարյանին։ ԱԱԾ փոխգնդապետն ի պատասխան լրագրողի հարցին, թե ո՞րն է բերման պատճառը, պատասխանել է՝ երևի նախկին կոլեգաներս կարոտել են։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Տեղեկացնենք, որ Արամ Գասպարյանը հայտնի է նաև Չիկո ծածկանունով (հատուկ ծառայությունների մարտական ստորաբաժանումներում ընդունված է մարտիկներին տալ ծածկանուններ), գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով, ծանրակշիռ ներդրում ունի Արցախյան բոլոր պատերազմներում՝ դրանցից առաջինում ստացած վնասվածքից հետո հրաշքով մնալով կենդանի։

Բերման է ենթարկվել նաև երկարամյա ծառայության ընթացքում բազմաթիվ պարգևների արժանացած, այդ թվում «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրված, անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը (ծածկանունը՝ Չուկ):

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտնում է, որ ուշի-ուշով հետևելու է զարգացումներին, քանզի չի կարող անհաղորդ մնալ կյանքի լավագույն տարիները երկրին նվիրած գործընկերների ճակատագրի նկատմամբ, հնարավոր ամեն ինչ անելու է գործընթացը քաղաքական շարժառիթներով հետապնդումներից ու շահարկումներից զերծ պահելու համար»,-նշված է հայտարարությունում։