ԱՄԷ-ն Իսրայելում դեսպանատուն է բացել

Միացյալ Արաբական Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հուլիսի 14-ին պաշտոնապես դեսպանություն է բացել Իսրայելում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է եղել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը:

ԱՄԷ դեսպանատան բացումը տեղի է ունեցել Թել Ավիվում: Դեսպան Մոհամեդ Ալ Խաջան նշել է, որ հարաբերությունների կարգավորումից հետո առաջին անգամ քննարկումներ են սկսվել առևտրային ու ներդրումային հնարավորությունների շուրջ: «Մենք համաձայնագրեր ենք կնքել տարբեր ոլորտների վերաբերյալ, այդ թվում և տնտեսական, օդային հաղորդակցության, տեխնոլոգիաների ու մշակույթի»,- նշել է նա:

Իսրայելի նախագահ Հերցոգը դեսպանատան բացումն անվանել է կարևոր քայլ՝ ուղղված Մերձավոր Արևելքում խաղաղության, բարգավաճման ու անվտանգության հաստատմանը:

Նախորդ ամիս Աբու Դաբիում բացվել էր Իսրայելի դեսպանատուն, իսկ Դուբայում՝ հյուպատոսարան: