Երեխան գտնվում է ծանր վիճակում. բժիշկները՝ երեկ Արցախի փողոցի շենքերից մեկի բակում գտնված նորածնի մասին

«Հուլիսի 13-ին Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերված երկու օրական երեխան գտնվում է ծանր վիճակում»,- այս մասին  տեղեկացրել է «Մուրացան» մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ՀԴԿ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ Հրանտ Կալենտերյանը։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրց հայտնել են, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու պատճառով ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին  միացված է արհեստական շնչառական սարք:

Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։

Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։ Երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր: