Բաքվում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է դեսպանի` Ադրբեջանի կառավարության հրավերն անտեսելն ու Շուշի չայցելելը
Բաքվում ՌԴ դեսպանատունը պատասխանել է haqqin.az լրատվականի հարցմանը, թե ինչու է դեսպան Միխայիլ Բոչարնիկովը մերժել Ադրբեջանի կառավարության` հուլիսի իննին երկրում հավատարմագրված այլ դեսպանների հետ Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք մեկնելու հրավերը:
Հարցման առ այն, թե «ինչու է եռակողմ համաձայնագրի իրագործման երաշխավոր Ռուսաստանն անտեսել Շուշի այցելելու հրավերը», տրվել է դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարևայի հակիրճ պատասխանը. «Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և ուղևորությունները»:
Ավելի վաղ Շուշի այցելության մերժումը մեկնաբանել էին նաև Բաքվում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի իննին Բաքվում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչ երկրի կառավարության հրավերով մեկնել է Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: Հրավերից հրաժարվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանները:
Հայտնի է, որ haqqin.az-ն այս հարցի առնչությամբ դիմել էր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ, որտեղից ևս հրաժարվել էին մեկնաբանել դեսպանների ժամանակացույցը: