ՍԴ-ն միակ մարմինն է, որն իրավասու է, կարող է ու պարտավոր է գնահատել ընտրախախտումների ամբողջ շղթան. Արամ Վարդևանյան

«Բարձր դատարա՛ն, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը, ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը խեղաթյուրված է: Մեր խնդրանքն է, բարձր դատարա՛ն, քննել բոլոր այն հիմքերը, որոնք մենք ներկայացրինք, որոնցից ոչ մեկի վերաբերյալ մենք փաստացի ուղղակի բացառում չտեսանք»,- այսօր Սահմանադրական դատարանում շարունակվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Իմ պնդումն է՝ ՍԴ-ն միակ մարմինն է, որն իրավասու է, կարող է ու պարտավոր է գնահատել ընտրախախտումների ամբողջ շղթան»,- ասաց Վարդևանյանը և ընտրախախտումների օրինակ ներկայացրեց նաև այն, որ իշխող ուժը կոնկրետ ագրեսիա էր կիրառում և նույն ժամանակ պետք է ՍԴ-ն գնահատի քարոզարշավներին ոստիկանության ծառայողների ներկայությունը, քանի որ իշխանության քարոզարշավին ոստիկանները մի քանի անգամ ավելի էին, քան «Հայաստան դաշինքի» քարոզարշավներին:

«Բարձր դատարա՛ն. վերջին երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք այն իրավական և իրական հետևանքները, երբ մեկ ուժ ԱԺ-ում ունենում է մանդատների 1/3-ից ավելին կամ առնվազն 3/5-ը, դրա հետևանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետևանքներ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ այլևս երբեք չեն լինելու, և կարող եմ ասել, որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն: Միապետությունը, միակուսակցական կառավարումը, բարձր դատարա՛ն, չի թակում Հայաստանի պետականության դռները, այն իրականություն է»,– ասաց նա:

Վերջին երեք տարիները, Վարդևանյանի խոսքով, ՀՀ-ում մեկ քաղաքական ուժի, կամքի, պարտադրանքի, թելադրանքի, ռեսուրսի և որոշումների կայացման տարիներ են եղել, և ըստ նրա՝ այս միապետական իրավիճակը բացառապես ՍԴ-ն կարող է փոխել և ապահովել Սահմանադրության գերակայությունը:

«Մենք այս ժամանակահատվածում էլ ծայրահեղ վտանգավոր մարտահրավերի առաջ ենք կանգնած և ես վստահ եմ, որ բարձր դատարանի հարգարժան դատավորները ոչ միայն զուտ բարձր դատարանի դատավորներ են, այլ նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք ևս տեսնում են իրական պատկերը: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը, նոր անհասկանալի գործողությունները: Իսկապես այս գործը պարզապես  ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ: Այն պարունակում է նաև քաղաքական բաղադրիչ: Բայց ի տարբերություն նախորդ բոլոր այլ ժամանակահատվածների, այս անգամ քաղաքական բաղադրիչը նաև պետական անվտանգության բաղադրիչի հետ է ուղղակիորեն փոխկապակցված»,- հայտնեց Վարդևանյանը: