Ընտրությունների արդյունքների որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին. Տիգրան Մուկուչյան

«Կենտրոական ընտրական հանձնաժողովն իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառությամբ Հայաստանի Ընտրական օրենսգրքի պահանջներով, հետևաբար տարաբնույթ որակումներն ու գնահատականները բացառապես քաղաքական մոտեցումներ են»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը կայացվել է հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, ողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված դիմում-բողոքներով իրականացված քննությունը, դրանց արդյունքում կայացված որոշումները, դատական ակտերը և այլն:

«Կարծում եմ՝ ԿԸՀ կողմից կայացված որոշումը համապատասխանում է Ընտրական օրենսգրքի պահանջներին, նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր, թերևս, չհաստատվեցին ու չամրագրվեցին, հետևաբար, խնդրում եմ, որպեսզի ԿԸՀ-ի նշյալ որոշումը թողնվի ուժի մեջ»,- խոսքը եզրափակեց Տիգրան Մուկուչյանը: 

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։