Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 13-ի նիստի վերաբերյալ․ օր 5-րդ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«• Սահմանադրական դատարանը օրվա մեծ մասն անցկացրել է ոչ հրապարակային աշխատանքային ռեժիմում։ Կեսօրից հետո, դատարանը գրեթե ողջ ժամանակ անցկացրել է խորհրդակցական սենյակում՝ այնտեղ քննարկել է մինչ այդ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունները՝ դրանով իսկ խախտելով բանավոր ընթացակարգով դատավարության գաղափարախոսությունը, ինչպես նաև դատավարության հրապարակայնության սկզբունքները։

  • Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր հարցեր չի ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։ Որոշ դատավորների պարագայում դա կարելի է համարել արհամարհանք՝ բացառապես քաղաքական շարժառիթներով և որոշման հետևանքով բարձր դատարանում հայտնված սուբյեկտի նկատմամբ, մյուսների պարագայում՝ վախ և անհանգստություն։
  • Վահե Գրիգորյանի՝ Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին ուղղված հարցերից պարզ դարձավ, որ Բարձր դատարանում քաղաքական պատճառներով հայտնված այդ անձը տեղյակ չի Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգի և ՀՀ Սահմանադրության կարգավորումների մասին։ Այս օրերին Սահմանադրական դատարանի աշխատանքի ռեժիմի ինտենսիվությունը, ցավոք, թույլ չի տալիս, որ Վահե Գրիգորյանը, գոնե այս օրերին, առիթ ունենա ծանոթանալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
  • Դատավարության նախորդ 4 օրերին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարցեր չի ուղղել դատավարության մասնակիցներին, սակայն 5-րդ օրը որոշել է նրանից գրեթե բոլորին իր կողմից հարցեր տալ։ Սա, թերևս վկայում է նրա բարդույթավորված, մեծամիտ վարքագծի մասին։ Այսինքն, դրանով նա փորձում է առանձնանալ մյուս բոլոր դատավորներից, հարցեր չի հնչեցնում նրանց հետ միասին, մյուս կողմից, դատավարության մասնակիցները հերթով մոտենում են միկրոֆոնին՝ միայն իր հարցերին պատասխանելու համար։ Սա նաև դատավարության ընթացակարգային խախտում էր, քանզի ավարտվել էր կողմերին հարցեր տալու փուլը։ Բնականաբար, Արման Դիլանյանի նախագահության պայմաններում Վահե Գրիգորյանին ամեն ինչ կարելի է, քանզի, փաստացի նա է ղեկավարում դատարանը։ Կարծում եմ այս երևույթը, իրավաբաններից բացի, կարող է հետաքրքրել նաև դատական հոգեբաններին և հոգեբուժներին, եթե իհարկե, նրանց տեսադաշտում չկան ավելի ակնառու պացիենտներ։
  • Տևական քննարկումների արդյունքում դատարանը որոշում է կայացրել մերժել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված գրեթե բոլոր միջնորդությունները, իսկ մյուսները՝ հետաձգել։ Այսինքն, փաստացի, չի արձանագրվել դեպք, երբ դատարանը բավարարի դատավարության մասնակիցների կողմից ներկայացված և գործի հանգամանքները պարզող որևէ էական միջնորդություն։ Սա վկայում է դատավարության մասնակիցների հանդեպ դատարանի անհարգալից վերաբերմունքի, գործի հանգամանքները համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն անելուց խուսափելու մասին։
  • Խիստ կասկածելի է միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշումների լեգիտիմությունը։ Խնդիրը կայանում է դրանում, որ, հատկապես բանավոր ընթացակարգով նիստերի պարագայում, դատարանն աշխատակարգային որոշումներ պետք է կայացնի նիստերի դահլիճում, հրապարակայնորեն, դատավարության մասնակիցների և ողջ հասարակության աչքի առջև։ Մյուս դեպքում, աշխատակարգային որոշումներ կարող են կայացվել աշխատակարգային նիստերում, որոնց մասին, որպես կանոն, դատարանը պետք է դատավորներին տեղեկացնի նիստից առնվազն երեք օր առաջ՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ նյութերը։ Այս պարագայում պարզ չէ, թե ինչ ձևաչափով են քննարկվում կողմերի ներկայացրած միջնորդությունները և ինչ ձևաչափում են կայացվել միջնորդությունները մերժելու մասին որոշումները։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներ, ինչը ՍԴ որոշումների բողոքարկման ինստիտուտի բացակայության պայմաններում, միայն նվազեցնում է դատարանի հեղինակությունը և նրանց կողմից կայացված որոշումների հանդեպ հանրային վստահությունը, ավելին, տվյալ գործի շրջանակներում, ընդգծում՝ դատարանի քաղաքական կաշկանդվածությունն ու օրվա իշխանությունների վերահսկողության տակ գործելու հանգամանքը։
  • Պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, ընտրական այս վեճի շրջանակներում, Բարձր դատարանին ներկայացրեց մի ուշագրավ պատմություն՝ 1988 թվականի Բրազիլիայի քաղաքներից մեկում ընտրողների իրականացրած մի յուրօրինակ քվեարկության մասին։ Ըստ այդ պատմության, քաղաքային նախկին իշխանությունների վերադարձը կանխելու և նախընտրելի թեկնածուի բացակայության պատճառով, օգտվելով քվեաթերթիկի վրա գրառում կատարելու միջոցով իրենց նախընտրած թեկնածուին առաջադրելու և ընտրելու հնարավորությունից, շուրջ 400․000 քաղաքացի քվեարկել է և քաղաքապետ է ընտրել գազանանոցում բնակվող կապիկին։ 2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հետ համեմատելուց ստացվում է, որ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և 1988 թվականին Բրազիլիայում գազանանոցումն բնակվող կապիկին ընտրելու շարժառիթները գրեթե նույնն են՝ կանխել նախկինների վերադարձը։ Անզեն աչքով նկատելի են նաև բազմաթիվ այլ ընդհանրություններ ևս։ Տարբերություններից է այն, որ Բրազիլիայում ընտրությունները եղել են տեղական նշանակության, իսկ մեր պարագայում՝ համապետական։ Գազանանոցի կապիկի (400․000 կողմ ձայն) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին (շուրջ 680․000 կողմ ձայն) քվեների տարբերությունը նույնպես մեծ չէ։ Եթե հարաբերվի ընտրողների ընդհանուր թվի հետ և դրանից էլ հանվի «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հաշվարկներով ներկայացված ընտրախախտումների թիվը, ապա դրանք գրեթե հավասարվում են։ Բրազիլացիների 1988 թվականին կատարված ընտրությունը մնացել է պատմության մեջ և անգամ 33 տարի անց հիշատակվում է Հայաստանի Սահմանադրական դատարանում։ Հուսանք՝ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ին կայացվելիք որոշումը պատմության մեջ կմնա այլ որակով և երբևէ չի հիշատակվի Բրազիլիայի կամ այլ երկրների գազանանոցներում։