Դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը. Դավիթ Հարությունյանը ՍԴ-ին (տեսանյութ)

«Դատաքննության ընթացքում իմ ներկայացրած 9 թեզերից ոչ մեկի դեմ իրականում քննադատությանը դիմացող հակափաստարկներ չեն բերվել»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե արտառոց պայմաններ չլիներ, առաջին թեզի հետ կապված կապացուցեր, որ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, մարդկանց հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը որևէ աղերս չունեն ոչ ժողովրդավարության, ոչ էլ ազատ ընտրությունների սկզբունքի հետ:

«Այս առումով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական հակափաստարկը կառուցված էր այն սխալական թեզի վրա, որ իբր չկա նյութական իրավունքի նորմ, որը պետք է հիմք հանդիսանար Փաշինյանի խոսքը սահմանափակելու համար:

Ես կհիմնավորեի, որ նման սահմանափակման և հիմքը, և պահանջն անմիջականորեն բխում է սահմանադրական կարգի հիմունք հանդիսացող ազատ ընտրության սահմանադրական սկզբունքից: Սա առավել քան բավարար հիմք է, որպեսզի հանրային իշխանությունը կյանքի կոչի ազատ ընտրության իրավունքը հարգելու և պաշտպանելու իր պարտականությունը»,- ասաց նա:

Դ. Հարությունյանի խոսքով, երկրորդ թեզի հետ կապված կպնդեր, որ հանրային իշխանության ներկայացուցիչ հանդիսանալն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, որը որևէ ընդհանրություն չունի ատելության խոսքի և պատժելու սպառնալիքների հետ:

«Ինչքան էլ «Քաղաքացիական պայմանագիրը» պնդի, որ Փաշինյանի խոսքը իբրև թե ես կոնտեքստից կտրված եմ ներկայացրել, որևէ մեկը հանրությանը չի կարող համոզել, որ այնպիսի արտահայտությունները, ինչին՝ «կապույտ չագուջն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», «կտեսնեք կադրային ջարդուփշուր», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից» և այլն, կարող են տեղ ունենալ ժողովրդավարական արժեքներ ապավինող երկրում, ինչն ավելի սարսափելի է՝ կարող է հնչեցվել փաստացի երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենց կողմից դատավարության ընթացքում որպես օրինակ ներկայացված Փաշինյանի ելույթների 15 դրվագներից ՔՊ-ն փորձել է հակադարձել ընդամենը 4-ին:

«Երրորդ թեզի հետ կապված կասեի, որ նախընտրական քարոզչության ընթացքում Հայաստանում ձևավորված բռնության, սպառնալիքների և ատելության մթնոլորտի կապակցությամբ Մարդու իրաունքների պաշտպանի արձագանքը կարծես թե պետք է սթափեցնող լիներ առաջին հերթին հենց իշխանության ներկայացուցիչների համար:

Սակայն դատավարության ընթացքում նկատվեց, որ ՔՊ-ի կողմից ՄԻՊ արձագանքն արժեզրկելու և նրա կարևոր դիտարկումները զեկույց, թե հայտարարություն անիմաստ քննարկման վերածեվեց, այնինչն ՄԻՊ արձանագրած խախտումները պետք է զգաստության կոչ հանդիսանային իշխանության համար»,- ասաց նա:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը, դիմելով ՍԴ-ին, ասաց՝ պետք է ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի՝ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը։

«Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու՝ դառնալու Հայաստանում Սահմանադրության ու սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության ու անկախ դատական համակարգի առաջնորդ։

Սակայն առաջնորդությունն ունի իր գինը և դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Այդ գինը դժվարին ու շարունակական աշխատանք է՝ որոշումներ կայացնելու համարձակությունը, ճնշմանը դիմակայելու ունակությունը ու ինքներդ ձեզ երբեք չխաբելու բացառիկ ազնվությունը։

Ի վերջո, ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր։ Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության ու համընդանուր պարտության զգացում։ Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո  կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը։

Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է Պուտինի բառերով բարդ, ցավոտ խնդիրներ պարունակող համաձայնագրեր: Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի, զիջումների մասին, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարներն  են՝ Ազգային ժողովը և դուք՝ Բարձր դատարան: Այս գործով ձեր որոշումից է կախված նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը»,- ընդգծեց նա։

Այնուհետև Դավիթ Հարությունյանն ավելացրեց. «Ուզում եմ լինել բացարձակ անկեղծ՝ եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են, Ազգային ժողովի կազմն ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա զրկում եք Հայաստանին Ազգային ժողովին քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից:

Մյուս կողմից հենց դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար, քանի որ ընտրողների ընդամենը 26  տոկոսով ձևավորված միաբևեռ ԱԺ-ում որոշումը փաաստացի ընդունվելու է մեկ անձի կողմից, այնպես որ, պատմական բեռը լինելու է ձեր ուսերին»։

Նա դիմելով ՍԴ դատավորներին՝ ասաց, որ նրանց ամենաբարդ որոշումն այսօրվա քննարկվող հարցը չի լինելու. «Ձեր մասնագիտական ու անհատական ամենաբարդ որոշումները դուք կայացնելու եք այսօրվա որոշումից հետո հաշված ամիսների ընթացքում: Որոշումը ձերն է՝ Բարձր դատարան»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

Մանրամասները՝ տեսանյութում