Ոչ մի կայացած թատրոն մեկ ուրիշ թատրոնի հետ նույն հարկի տակ ապրել, ստեղծագործել, պահպանել իր դիմագիծը չի կարող. Տիգրան Ներսիսյան

«Հերթական անհեթեթ որոշման փորձը». Այսպես է որակել ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման մասին ԿԳՄՍՆ  նախաձեռնությունը:  «Երաժշտական Կամերային Թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ․ ոչ մի թատրոն՝ կայացած թատրոն, մեկ ուրիշ թատրոնի հետ նույն հարկի տակ ապրել, ստեղծագործել, պահպանել իր դիմագիծը, իր տեսակը՝ չի կարող, մանավանդ երբ մեծ թատրոնի մեջ ուզում ես տեղավորել փոքր թատրոնը իր ամբողջ ստեղծագործական կազմով․ Այն պարզապես ժամանակի ընթացքում կտարրալուծվի, կավարտվի, կվերջանա․ Հիշեք «ՓՈՍԻ» էքսպերիմենտալ թատրոնը, ո՞ւր է այն․ Դերասանների, ռեժիսորների կողմից ստեղծված, քարը քարին դրված, իր տեսակի մեջ յուրահատուկ թատրոն․ Միացրեցին մեկ այլ թատրոնի և ո՞ւր  է հիմա այն․ չկա․․․ ավարտված է․ Եվ այդ ամենը շենքի համար, տարածքի համար․ կործանեցին մի հրաշալի մշակույթի օջախ՝ ռեստորան սարքելու համար․ Հիմա այս դեպքում ասում են, որ շենքը տրամադրվելու է Սիմֆոնիկ նվագախմբին,  «ուզում եմ հավատալ», բայց արդյո՞ք արժե՝ մեկ մշակութային օջախի, ինքնատիպ թատրոնի կործանման, ոչնչացման հաշվին ապահովել մեկ այլ մշակութային միավորի բարեկեցությունը․ Իհարկե ոչ․Կարծում եմ՝ հենց Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և ղեկավարը ոգևորված չեն կարող լինել այս անհեթեթ որոշմամբ․ Փոքր-ինչ Թատրոնից հասկացող մարդը մտքի ծայրով իսկ չի անցկացնի այսպիսի բան՝ եթե հետին միտք չունի․

Ընդհանրապես կյանքից գիտենք․ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի․․․ սա հենց այնպես․

Իսկ իմ Կամերայինի գործընկերներին ցանկանում եմ  ուժ և կորով․ պայքարեք և պահպանեք ձեր տունը, ձեր օջախը․ այն ձեր ստեղծածն է․ ձեր փոխարեն դա ոչ ոք չի անի․

Ձեր կողքին եմ․

ՀՀ վաստակավոր արտիստ  Տիգրան Ներսիսյան»,- գրել է վաստակավոր արտիստը: