Թուրքիայի իշխանամետ կուսակցության առաջնորդը ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ԱՄՆ-ին կոչ է արել Թուրքիային արտահանձնել կրոնական  քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին գրում է Daily Sabah պարբերականը:

Թուրքական ծայրահեղ աջերի առաջնորդն այսօր դիմել է ԱՄՆ իշխանություններին իր խորհրդարանական խմբակցության առջև ելույթ ունենալով և ասելով, որ ԱՄՆ-ն անհապաղ պետք է արտահանձնի Ֆեթուլլահ Գյուլենին դաշինքների կանոնների համաձայն, եթե  չի սատարում Գյուլենի FETO շարժմանը: Բահչելիի խոսքերով ՝ «ԱՄՆ-ն պարտավոր է կատարել իր պատմական պարտքը ՝ աջակցել ահաբեկչության դեմ պայքարին»:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: