12 օրից ավելի է՝ իշխանությունը թույլ չի տալիս խտանյութի արտահանումը․ արդեն մոտ 20 մլն դոլար չի մտել Հայաստան․ Վ. Հակոբյան

12 օրից ավելի է՝ մեր երկրի իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և վնասների։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը։

«Այս 12 օրում արդեն մոտ 20 մլն դոլար չի մտել Հայաստան, և դա կարող է երկրում տարադրամի կուրսի տատանման հանգեցնել։ Այսօր սահմանին կուտակված է շուրջ 40 վագոն խտանյութ, և մաքսատան աշխատակիցները պարզապես թույլ չեն տալիս, որ այն դուրս գա՝ առանց որևէ բացատրության»,-ասաց նա։

Վահե Հակոբյանն ասաց, որ 2 օր առաջ իրավապահ մարմինները լքել են կոմբինատը, որոնք խուզարկություն էին իրականացրել ԶՊՄԿ-ում։ «Գրոհայիններով, «ավտոմատներով եկել էին, «Սև լիճը կոմբինատի հետ էին շփոթել, ու երեկ լքել են տարածքը»,-ասաց նա։

Նրա խոսքով, սակայն, մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը։ «Հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր, տարեցները, կանայք։ Մարդիկ հստակ ասում են՝ իրենցից ցուցմունքներ են կորզում։ Դա հանցագործության մասին հաղորդում է, իսկ իրավապահ մարմիններից արձագանքը զրո է։ Այս պահին էլ մոտ 10 քննչական խմբեր են աշխատում, որոնք նույն կերպ փորձում են իմ, համայնքապետների վրա ամրացնել իրենց կորզած ապօրինի ցուցմունքները»,-ասաց Վահե Հակոբյանը։