Երևանի քաղաքապետարանը Հանրապետության 46 հասցեի շենքի քանդման թույլտվությունը չի տվել

Երևանի Հանրապետության 46 հասցեի շենքի քանդման թույլտվությունը քաղաքապետարանը չի տվել: Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը:

Նա նշեց, որ Հանրապետության 46-ին առնչվող որոշ հասցեների հետ կապված դեռ 2008 թվականին թույլտվություններ եղել են, բայց չի կարող կարծիք տրամադրել՝ դրանք  հուշարձանին կից շինություննե՞ր են, թե ավտոտնակներ:

«Ըստ քանդման թույլտվությունների, բակային հատվածներում ավտոտնակներ են, որոշակի հատվածամասեր, բայց բուն հուշարձան շենքի վերաբերյալ  նման տեղեկատվություն այս պահին չունենք»,- ասաց Սեդոյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նշեց. «Արձանագրենք, որ քանդման թույլտվություն չկա, և եթե կառուցապատողը քանդման աշխատանքներ սկսի, խնդրում եմ՝ մեր նոր պարեկային ծխառայությունն ուշադիր լինի և թույլ չտա առանց թույլտվության՝ քանդման աշխատանքներ կատարվեն»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամները Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի մոտ էին հավաքվել՝ փորձելով պարզել, թե ինչ ճակատագրի է արժանանալու պետության կողմից պահպանվող հուշարձանը, քանի որ  լուրեր են սկսել շրջանառվել, թե հուշարձան-շենքն ապամոնտաժելու թույլտվություն է տրվել, թողնվելու է միայն ֆասադը:

19-րդ դարի շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: