ՀՀ պետական սահմանների հետ կապված հարցերը ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում․ ՄԻՊ

«Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված հարցերը։ Բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական կոմպոնենտների ներքո ու ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը»,- այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով, ցանկացած երկրի սահմանների որոշման կարևորագույն հարցերից է՝ որքանով է դրա արդյունքում պահպանվում, երաշխավորվում առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները, անգամ բնականոն կյանքն ու ավանդույթները։

«Մեր պարագայում ռազմական ու քաղաքական կոմպոնենտների գերակայության պատճառով պետությունն ինքն իրեն դրել է սահմանափակումների մեջ։ Արդյունքում ստացվել է այնպես, որ մի վտանգավոր թեզ էլ է զարգանում, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունն իրար հակադրվում են։ Ստացվում է տպավորություն, թե քանի որ ռազմական ու քաղաքական հարցեր են, հետևաբար անվտանգություն է, ուրեմն մարդու իրավունքներն այստեղ կապ չունեն»,-ասաց Թաթոյանը, հավելելով, որ իրականում մարդու իրավունքներն ու անվտանգությունը լրացնում են իրար։

ՄԻՊ-ը նշեց, որ մարդու իրավունքների տեսանկյունից հարցերը դիտարկելու դեպքում պետությունը մեծացնում է իր հնարավորությունները։

«Ճիշտ է, ՀՀ պետական սահմանների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց ՀՀ-ն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն»,-ասաց Թաթոյանը, նշելով, որ այստեղ ռազմավարական հարց կա․ մարդու իրավունքները հիմքում դնելու դեպքում, մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու պարագայում, պետությունը կկարողանա քաղաքական, ռազմական ատյաններում ուժեղացնել իր դիրքորոշումները։

«Օրինակ, հիմա ադրբեջանական իշխանությունները լայնորեն զարգացրել են խաղաղասիրական գործընթացներ, բայց իմ միջազգային քննարկումներում մենք կարողացանք իրականությունը ներկայացնել հենց այս փաստերի շնորհիվ։ Իսկ մարդու իրավունքների խախտումները կոնկրետ փաստերով են»,-ասաց Թաթոյանը, նշելով, որ այս կոմպոնենտները միանշանակ կօգնեն ռազմաքաղաքական հարցերում․ ստացվում է մարդու իրավունքների հարցերով ուժեղանում են մյուս կոմպոնենտները։

Ակնհայտ է, որ Ադրբեջանին ձեռնտու է ռազմական ու քաղաքական կոմպոնենտները, քանի որ խախտումների հարցում մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք ներկայացնելու։

Թաթոյանի խոսքով, պետք է ունենալ կազմակերպված քաղաքականություն պետության ներսում՝ պետական մարմինների կողմից։

«Մենք ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում։ Ամենաթարմ օրինակը` հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ փոխհրաձգություն և ՀՀ ՊՆ-ն հաստատեց այն, ու մեկ զինծառայող վիրավորվել էր։ Դրանից հետո փաստահավաք աշխատանքի արդյունքում պարզվեց, որ այդ կրակոցները եղել էին  ՀՀ ինքնիշխան տարածքում, քաղաքացիները ևս հաստատել էին։ Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին ու ասում՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարն ասում է․ «Չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիներն այդ կողմը չեն էլ գնում»։ Ինչպես կարելի է նման բան ասել, երբ ես ինքս եմ եղել այդ վայրում ու ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, գյուղացիները չեն կարողանում օգտվել դրանցից,-նշեց Թաթոյանը։- Սրանից հետո ես ինչքան էլ գնամ միջազգային ատյաններում ասեմ, որ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունը, կասեն, ինչ եք խոսում, տեսեք ձեր գյուղապետերը ինչ են ասում, գյուղացիները ոչ մի խնդիր չունեն»։