Թալիբները փորձում են կարգավորել հարաբերությունները հարևան հզոր պետությունների հետ

Թալիբները, որոնք հայտարարում են, որ վերահսկում են Աֆղանստանի տարածքի 85 տոկոսը, սկսել են հարաբերությունները կարգավորել հարևան հզոր պետությունների հետ՝ հաղորդում է РИА Новости-ն: Մոսկվա էր այցելել «Թալիբան» շարժման պատվիրակությունը և խնդրել Ռուսաստանի աջակցությունը՝ ՄԱԿ-ի մակարդակով շարժման նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցում:

Ավելի վաղ շարժումը հայտարարել էր, որ ելնելով 2020 թվականին «Թալիբանի» և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունից, Վաշինգտոնն աշխատում է նրանց բոլոր «սև ցուցակներից» բացառելու ուղղությամբ:

Թալիբները ձգտում են պահպանել նորմալ հարաբերություններ նաև Չինաստանի հետ՝ Պեկինին համարելով իրենց ընկեր, իսկ Չինաստանի մահմեդական ույղուրներին՝ անջատողականներ:

Շարժումը երաշխավորում է Չինաստանի ներդրումների և չինացի աշխատողների անվտանգությունը, միաժամանակ վստահեցնում Պեկինին՝ թույլ չեն տա ույղուր անջատողականներին հաստատվել Աֆղանստանում:

«Թալիբան» շարժումը հայտարարել է նաև, որ թույլ չի տա որևէ օտար խմբավորման՝ Աֆղանստանի տարածքն օգտագործել ուրիշ երկրների վրա հարձակումներ նախապատրաստելու համար: