Օտարերկրացիների համար ՀՀ-ում 2022-ի հունվարից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ

Հանրապետությունում 2022 թ-ի հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար, այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացվել է թույլտվության տրամադրման ամբողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը: Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալները թվայնացվել են, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է՝ դրանք համակարգ վերբեռնելու միջոցով: Դյուրացված է վարչարարությունը, պարզեցված է ընթացակարգը:

Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայում գործող երկու ամսվա փոխարեն: