ՄԻՊ-ը հիմքեր ուներ հատուկ ուշադրություն դարձնելու Հանրային հեռուստաընկերության մայիսի 30-ի ռեպորտաժին․ դիտորդ մարմին

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը հրապարակել է փորձագիտական կարծիք  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մայիսի 31-ի հայտարարության կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության դիմումի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության «Կիրակնօրյա լուրեր» ծրագրով հեռարձակվել է «Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը» ռեպորտաժը, որտեղ ներկայացվում է Խորհրդային Միության ժամանակ երկու երկրներում եղած անկլավների հարցի ներկա վիճակը՝ իրավական և քաղաքական տեսանկյունից։

Այս ռեպորտաժի հեռարձակման հաջորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, դատապարտելի է համարել «ռեպորտաժի շեշտադրումները»։

Ամփոփելով դիմումի վերաբերյալ իր փորձագիտական կարծիքը, Դիտորդ մարմինը համարում է, որ

– ՄԻՊ-ը հիմքեր ուներ հատուկ ուշադրություն դարձնելու Հանրային հեռուստաընկերության 2021թ․ մայիսի 30-ի ռեպորտաժին և անհամաձայնություն հայտնելու նրանում տեղ գտած տեղեկությունների և օգտագործված եզրույթների վերաբերյալ։ Մասնավորապես, նկատի ունենալով 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչպես նաև ներկայումս ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը՝, մտահոգություն կարող էին առաջացնել «ադրբեջանական անկլավ» բառակապացությունը և նյութի մատուցման հետ կապված որոշ այլ նրբերանգները։

– Միևնույն ժամանակ, թեմային համապարփակ կերպով և բավարար խորությամբ չանդրադառնալու վերաբերյալ ՄԻՊ-ի գնահատականները կարող են ընկալվել որպես միջամտություն լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությանը։ Հանրային հեռուստաընկերությունը մեկ ռեպորտաժում հնարավորինս ներկայացրել է խնդիրը։ Ողջամիտ է ակնկալել, որ դրա մյուս ասպեկտերին Հ1-ը կարող է անդրադառնալ հետագայում՝ զարգացնելով թեման և խնդիրը ներկայացնելով տարբեր կողմերից։

– Վեճի կողմեր հանդիսացող երկու կարևորագույն կառույցների որոշակիորեն սրված հակասությունները, որոնք, հնարավոր է նաև, առաջացել են վերը նկարագրված փոխըմբռնման պակասից, չեն նպաստում հանրային կյանքում ծագած բարդ խնդիրները մեղմելուն կամ լուծելուն, մինչդեռ նրանց սերտ համագործակցությունը հատկապես կարևոր է երկրում ստեղծված իրավիճակում։ Հետևաբար, ելնելով այդ կառույցների կարգավիճակից և առաքելությունից, ՄԻՊ-ի և Հանրային հեռուստաընկերության միջև առաջացած հակասությունները չպետք է կրեն այնպիսի սկզբունքային բնույթ, որ առաջանա սուր
հրապարակային բանավեճի անհրաժեշտություն։

– Աշխատանքի արդյունավետության համար՝ ընդհանրապես, և կոնկրետ այս կարծիքի մշակման առիթ հանդիսացած վեճի դեպքում՝ մասնավորապես, երկու կարևորագույն հանրային ինստիտուտների և դրանց ղեկավարների ու ներկայացուցիչների միջև ծագած խնդիրները կարող էին լուծվել գործընկերային մթնոլորտում։

Դիտորդ մարմինը կոչ է անում ՄԻՊ գրասենյակին և Հանրային հեռուստաընկերությանը՝
համաձայնեցնել խորհրդատվական ձևաչափ՝ համատեղ հետաքրքրություն առաջացնող հարցերի քննարկման ու ընդհանուր մոտեցումներ մշակելու համար։ Դա մեծապես կնպաստի ինչպես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հանրությանը բազմակողմանի և հավասարակշռված տեղեկատվություն մատուցելու գործին։