Ծեծկռտուք, քաշքշուկ Վրաստանի խորհրդարանում (տեսանյութ)

Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝  հանդիպում պահանջելով  պատգամավորների հետ, հայտնում է  «Սպուտնիկի» վրացական ծառայության թղթակիցը:

Օրենսդիր մարմնում  քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաընկերության հիմնադիր Վաթո Ծերեթելին որոշել է մտնել նիստերի դահլիճ:

Խորհրդարանի խոսնակի տեղն են զբաղեցրել ընդդիմության ներկայացուցիչներ Թինաթին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Կեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Նրանք ամբիոնից պահանջում են կառավարության հրաժարականը: Անվտանգության աշխատողները փորձում են ընդդիմադիրների մի մասին դուրս հանել դահլիճից: Խորհրդարանի լիագումար նիստը տապալվել է:

«Դա կանխամտածված սադրանք էր: Նրանք (ընդդիմությունը – խմբ.) սրան էին ձգտում երկար ժամանակ», – ասել է իշխող «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Շալվա Պապուաշվիլին:

Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները համատեղ հայտարարություն են տարածել, շեշտելով, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝  պահանջելով կառավարության հրաժարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ:  Պատճառը «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր. տղամարդը մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին: