Դատախազությունը Փաշինյանի ցուցադրած մուրճը բառացի չի ընդունում․ Կարեն Բիշարյան

Դատախազությունը Փաշինյանի ցուցադրած մուրճը որպես սպառնալիք բառացի չի ընդունում: Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը ՍԴ նիստի ժամանակ նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դատախազությունը ղեկավարվել է նրանով, թե ինչպիսին է եղել ենթատեքստը, ասվածի բովանդակությունը, հասարակությանը վտանգի աստիճանը:

Դիտարկվել է չորս հաղորդագրություն, որոնց հիման վրա քրեական գործեր չեն հարուցվել:

Քաղաքական գործիչների հայտարարությունների հետ կապված հաղորդագրությունների հետազոտության ժամանակ դատախազությունը ընդդիմախոսների հասցեին որևէ սպառնալիքի դեպք չի հայտնաբերել: Հենց այդ առումով է դատախազությունը մեկնաբանում Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցներին ուղղված հայտնի հայտարարությունները:

«Դիմածներն օգտագործել են «բռնության կոչեր» տերմինը, սակայն պետք է հասկանալ, որ ցանկացած հարկադրում բռնություն է: Եթե խոսքն օրինական հարկադրման մասին է, ապա բռնության մասին խոսք լինել չի կարող»,-կարծում է դատախազության ներկայացուցիչը:

Դատախազի խոսքով՝ քննարկման առարկա դարձված բոլոր հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է ու հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել ենթատեքստը: «Դատախազությունը Փաշինյանի ցուցադրած մուրճը բառացի չի ընդունում»,-նշեց նա: