Ստամբուլում հայկական եկեղեցու պատին պարող տղամարդիկ բերման են ենթարկվել (տեսանյութ)

Ստամբուլի Քադըկյոյ շրջանում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու պարիսպներին պարող տղամարդկանց բերման են ենթարկվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը հաղորդել են քաղաքի վարչակազմից:

«Այս արարքին մասնակցած երեք քաղաքացի բերման են ենթարկվել հենց իրենց տնից: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի քարտուղարը դատապարտել է կատարվածը` նկարագրելով որպես «մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ ուղղված ակցիա, որն անարգանք և սադրանք է բոլորի նկատմամբ»:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է երկու տղամարդ պարում եկեղեցու պատին, որտեղ տեղադրված է խաչը: Նշվում է, որ տղամարդիկ գինովցած են եղել: