Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Շուշի և Կատարոտ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Կատարոտ (Ջդրդուզ):

Այցելուների թվում են Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի և այլ երկրների դեսպանները, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում է minval.az-ը, այցի նպատակն է Շուշի քաղաքում իրականացվող «վերականգնման և վերակառուցման աշխատանքներին, ադրբեջանցի ժողովրդի ազգային-մշակութային ժառանգությանը» ծանոթանալը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։